Մատչելիության հղումներ

Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահները կքննարկեն նաև ղարաբաղյան խնդիրը


Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին, Հասան Ռոհանի և Իլհամ Ալիև
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին, Հասան Ռոհանի և Իլհամ Ալիև

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների օգոստոսի 8-ին Բաքվում կայանալիք եռակողմ, ապա նաև առանձին՝ երկկողմ հանդիպումների օրակարգը հագեցած է լինելու ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարցերով։ Բաքվում քննարկվելու են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցեր։

Հանդիպումների օրակարգում է նաև զենքի վաճառքի հետ կապված նոր համաձայնագիրը, որի մասին, հիշեցնենք, հայտարարել էր Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը։

Նախագահները կքննարկեն էներգետիկայի և տրանսպորտային ոլորտներին առնչվող մի շարք լայնածավալ նախագծեր, օրինակ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը: Ադրբեջանն ու Իրանը ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ, որի նպատակն է Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը։ Ծրագիրը գնահատվում է մեկ միլիարդ դոլար, հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինը։ Աշխատանքային խումբը առաջին նիստը կգումարի այս շաբաթ։ Նախագծով արդեն հետաքրքրված են Ռուսաստանը, Չեխիան և Հունգարիան։ Ծրագրի նպատակն է՝ Պարսից ծոցը կապել Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ։ Նախատեսվում է շինարարական աշխատանքները սկսել երեք-չորս ամսից։ Ադրբեջանական հատվածի կառուցումը կավարտվի արդեն այս տարի, իսկ Ռեշտ-Աստարա հատվածը կսկսի գործել 2018 թվականին։

Հյուսիս-Հարավ ծրագիրը լայնածավալ տրանսպորտային նախագիծ է։ Հիշեցնենք՝ այն նախաձեռնել են Մոսկվան, Բաքուն և Թեհրանը։ Երկաթգծի երկարությունը 7 հազար կիլոմետր է։ Ծրագրի ամբողջական իրագործումը հնարավոր դարձավ միայն իրանական պատժամիջոցների վերացումից հետո։

Միջանցքը պետք է Հնդկաստանը և Իրանը կապի Ռուսաստանի և Եվրոպայի հետ և, ինչպես փորձագետներն են ասում, կարող է նույնիսկ դառնալ Սուեզի ջրանցքի մրցակից։

Արդեն այս աշուն կվերագործարկվի իրանական Մեշխեթ քաղաքը Նախիջևանի հետ կապող երկաթգիծը։ Ադրբեջանում Իրանի դեսպանի փոխանցմամբ, երկաթգծի վերաբացումը պետք է նպաստի Ադրբեջանի և Իրանի միջև զբոսաշրջության զարգացմանը։ Նշենք, որ ցամաքային սահման Նախիջևանը Ադրբեջանի հետ չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG