Մատչելիության հղումներ

Արայիկ Խանդոյանը «վիրավորվել է դիպուկահարի կողմից»


Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում պնդեց, որ դիպուկահարների կողմից վիրավորվել է խմբի անդամ, «Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը։

Ավետիսյանը պատմեց, որ օրվա երկրորդ կեսին իրենց գլխավերևում երկու անօդաչու թռչող սարք է հայտնվել, որոնցից երկու առարկա է ընկել ներքև։ Խանդոյանը փորձել է մոտենալ և պարզել, թե ինչ առարկաներ են ու փորձելով վնասազերծել դրանք՝ կրակ է արձակել առարկաների ուղղությամբ, ինչից հետո Խանդոյանի վրա են կրակել։

«Հիմա էստեղ բժիշկները իրեն օգնություն են ցուցաբերում», - շարունակեց Ավետիսյանը: - «Ոսկոր վնասված չի, փափուկ հյուսվածքի վնասվածք է: Ինչ աստիճանի ծանության է, չեմ կարող ասել: Ձախ ոտքը վնասված է»:

Ավետիսյանի ենթադրությամբ, այդ առարկաները հավանաբար լսող սարքեր էին։

Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ զինված խումբը չի կատարել իրենց պահանջը՝ կրակ է բացել, ինչին հետևել է պատասխան կրակը․ - «Ի խախտումն իրավապահների պահանջի, քիչ առաջ պարեկապահակային ծառայության գնդում կրակոցներ և կրակահերթեր են հնչել, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, վիրավորվել է կրակողներից Արայիկ Խանդոյանը»:

Հակադարձելով Ոստիկանության հայտարարությանը՝ Վարուժան Ավետիսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենք չեն կրակել ոստիկանների ուղղությամբ․ - «ԱԱԾ-ի ներկայացուցչի հետ կապ հաստատեցինք, ասեց՝ դուք կրակում ենք, դրա համար մենք կրակում ենք: Բայց մենք չենք կրակում իրենց վրա, մենք կրակում ենք մեր տարածքում մեր անվտանգությունն ապահովելու համար: Զորօրինակ, սարքի վրա ենք կրակում, որ ռումբ չլինի պայթի, մեզ վնասի»:

Ավետիսյանի պնդեց՝ իրենք արյունահեղություն չեն ուզում․ - «Մենք համարում ենք, որ մեր միսիան դրանով ավարտել ենք, և չենք ցանկանում, որ արյունահեղություն լինի։ Մենք չենք ցանկանում կրակել իրենց վրա, մենք չենք կրակում իրենց վրա: Անգամ, եթե կրակում են մեզ վրա, մենք չենք պատասխանում: Ոչ թե չենք կարող, այլ չենք ուզում։ Բայց եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք դիմել ինքնապաշտպանության»։

Այժմ զինված խումբը սպասում է բանակցությունների վերսկսմանը, որը, ինչպես փոխանցեց Ավետիսյանը, կարող է միայն Ժիրայր Սեֆիլյանը անցկացնել։ Հետևաբար իրենք պահանջում են, որ իշխանությունները բանտում գտնվող Սեֆիլյանին ներգրավեն բանակցությունների մեջ․ - «Եթե էդպես ա, մենք Ժիրայր Սեֆիլյանին ենք պահանջում: Մեզ այլևս միջնորդ պետք չէ: Թող Ժիրայր Սեֆիլյանը գա, միասին խորհրդակցենք, էս պրոբլեմին հանգուցալուծում տանք»:

Վիտալի Բալասանյանից հետո հայտարարվեց, թե բանակցություններին կմասնակցի ազատամարտիկ Աշոտ Մինասյանը, բայց, ըստ Վարուժան Ավետիսյանի, նրանից լուր չկա։

Ավետիսյանը նաև հայտարարեց, որ իշխանություններն այժմ իրենց հետ չեն բանակցում․ - «Ասեմ, որ դա կեղծիք է: Որևէ բանակցություն չկա: Բացարձակ սուտ է»:

XS
SM
MD
LG