Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղդասարյանը պատիժը կկրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում, իսկ պատժի կրումը կհաշվարկվի ձերբակալման օրվանից՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ից։
Անցած դատական նիստին դատախազը պահանջել էր Բաղդասարյանին դատապարտել18 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանում մեղադրվում է, մասնավորապես, հանցավոր կազմակերպությանը անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե նա դիվերսանտ է և գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: