Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ։
Ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության՝ Արսենյանն ու Ջալալին քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Հանդիպումը կայացել է Իրանի դեսպանությունում։
Թեհրանից վերջին շրջանում պարբերաբար հայտարարում են, թե Ռուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ՝ աջակցելով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։
Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:
Իրանն իր հերթին ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրանը «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար». Թեհրանն ու Երևանը քննարկել են ապաշրջափակման հարցը