ԱԹՍ հարվածից Ռոստովի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել

Ռոստովի մարզի նավթի պահեստը, 28-ը օգոստոսի, 2024թ․

Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում ուկրաինական ԱԹՍ հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը՝ նշելով, որ ԱԹՍ բեկորներից մարզում նաև առանձնատներ են վնասվել, զոհեր և վիրավորներ չկան։

Հրդեհաշիջման աշխատանքներին ավելի քան 100 մարդ և 38 միավոր տեխնիկա է մասնակցում։

Baza տելեգրամյան ալիքի փոխանցմամբ, մարզում նավթի պահեստն է այրվում։

"Украинская правда"-ն գրում է, որ ուկրաինական ԱԹՍ-ներն այս բազային հարվածել էին նաև ամռանը։

Կամենսկի մարզը գտնվում է Ռոստովի մարզի հյուսիս-արևելքում՝ Լուգանսկի հետ սահմանին։

Ըստ մարզի նահանգապետի պաշտոնակատարի՝ Ռոստովի մարզում 30 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանում 47 ԱԹՍ են խոցել, 29-ը՝ Ռոստովի մարզում, 8-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 3-ական՝ Բելգորոդի, Բրյանսկի և Վորոնեժի շրջաններում, և 1-ը՝Ղրիմում, այսօր առավոտյան հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հարձակման հետևանքները դեռ ճշտվում են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն, հրդեհ՝ Ռուսաստանի Ռոստովի և Վորոնեժի մարզերում