Հայաստանյան գործարարները քննադատում են ԱՄՀ-ին

Հայաստանի գործարարներին միավորող մի քանի կազմակերպություններ դժգոհություն են հայտնել Հայաստանի հանդեպ Արժույթի միջազգային հիմնադրամի վարած քաղաքականության առնչությամբ:

Ապրիլի կեսերին հրավիրած մամուլի ասուլիսում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիյերմո Տոլոսան առարկություն էր հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրին` հարկային արտոնություններ շնորհել երկրում նորարարական արտադրություններ հիմնող ձեռնարկատերերին եւ ընկերություններին:

«Արժույթի միջազգային հիմնադրամը չի սիրում շահութահարկի արձակուրդներ: Դա լրացուցիչ ռիսկ է ստեղծում ցածր հարկահանության խնդրի առումով», - ասել էր ԱՄՀ ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան:

Հանգստյան օրերին ԱՄՀ-ի ներկայացուցչին հղված բաց նամակում, որի տակ ստորագրել են Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, կազմակերպությունները մտահոգություն եւ առարկություն են հայտնել Տոլոսայի դիտարկումների առնչությամբ:

Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը, ով նույնպես իր ստորագրությունն է դրել հիշյալ նամակի տակ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր վկայակոչեց մի շարք այլ երկրների օրինակներ, որոնցում տնտեսության կոնկրետ ոլորտների նկատմամբ հարկային արտոնությունների սահմանումը հանգեցրել է դրական արդյունքների:

«Կարող եմ թվարկել հերթով` Թայվան, Սինգապուր, Իռլանդիա: Այսինքն` բոլոր այն երկրները, որոնք տեխնոլոգիական ոլորտը համարել են իրենց լոկոմոտիվը, այդտեղ լուրջ հարկային պրեֆերանցիաներ են տրամադրել, եւ դա է բերել նրան, որ այդ երկրները, 20-25 տարի առաջ լինելով վերջինները, այսօր դառնում են առաջինները», - ասաց Վարդանյանը: - «Սինգապուրը 60 թվականին ձկնորսական ավան էր, Թայվանը շատ խղճուկ վիճակում գտնվող երկիր էր, Իռլանդիան գյուղատնտեսական երկիր էր»:

Տնտեսագետ Սամվել Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ որոշակի ոլորտների զարգացումը հարկային արտոնությունների միջոցով խթանելու մոտեցումը շատ երկրների կողմից է կիրառվել, սակայն վերջին տասնամյակում իրավիճակը փոխվել է:

«Վաշինգտոնյան կոնսենսուսի փաստաթղթի հիման վրա պետությունները գնում են հարկային համակարգերի նույնականացման, որպեսզի որեւիցե երկրի հարկային համակարգը էական տարբերություններ չունենա այլ երկրի հարկային համակարգի հանդեպ», - պարզաբանեց տնտեսագետը:

Այդուհանդերձ, Սամվել Ավագյանը նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո շատ երկրներ վերանայել են իրենց այս մոտեցումները:

«Օրինակ, Միացյալ Նահանգները հարկային արտոնություններ սահմանեց անցյալ տարի: Նույն Չինաստանը, Ռուսաստանը… Այսինքն` երկրների մի մասը նորից վերադարձան այդ [հարկային արտոնությունների] մոռացված գործիքին», - նշեց նա, հավելելով, թե չի կարծում, որ ԱՄՀ-ի քննադատությանը ականջալուր չլինելը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ հիմնադրամի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, սակայն չբացառեց, որ ԱՄՀ-ի կողմից հետագա վարկերի տրամադրման հետ կարող են խնդիրներ առաջանալ:

Իր հերթին` Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը կոնկրետ դեղատոմս է առաջարկում. - «Ժամանակին կորեացիները ազգովի հավաքվեցին, փակեցին Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքերը, ասացին` գնացեք: Չգիտեմ, մենք ի վիճակի՞ ենք դա անել` կյանքը ցույց կտա: Բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է պատիժներից չվախենալ եւ դառնալ Սինգապուր, քան թե վախենալ, եւ լինել Կոտ դ՛Իվուար»:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանյան գործարարները քննադատում են ԱՄՀ-ին