Ուկրաինայում մեկնարկում են չերնոբիլյան աղետի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ուկրաինա -- Չերնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների հուշարձանը ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի մոտ

Ապրիլի 19-ից Ուկրաինայում մեկնարկում են հիշատակի միջոցառումները` նվիրված Չերնոբիլի ատոմակայանի միջուկային աղետի 25-ամյա տարելիցին: Դրանց մասնակցելու են ավելի քան 50 պատվիրակություններ տարբեր երկրներից:

Մասնավորապես, մինչեւ ապրիլի 22-ը Կիեւում չերնոբիլյան աղետին նվիրված գագաթնաժողով է անցնելու, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի ներկայացուցիչները, Արեւելյան Եվրոպայի երկրների ղեկավարները: Նախօրեին արդեն սկսել են Ուկրաինա ժամանել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջիններից մեկն էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:

Միջոցառումների շարքում առանցքային է լինելու երեքշաբթի օրը կայանալիք միջազգային դոնորների հավաքը, ովքեր պատրաստվում են ֆինանսավորել վնասված ռեակտորի շուրջ տարվող աշխատանքները` դրանք ավարտին հասցնելու համար:

Չնայած 1986 թվականին տեղի ունեցած աղետից հետո Չերնոբիլի ատոմակայանը կանգնեցվել է, սակայն մինչ օրս կառուցված չէ այն արտաքին աշխարհից մեկուսացնող սարկոֆագը: Դրա կառուցման համար Ուկրաինային 740 միլիոն եվրո է անհրաժեշտ, որը հանգանակելու հնարավորություններն էլ քննարկվելու են դոնորների հավաքի ժամանակ:

Ակնկալվում է, որ սարկոֆագը կկառուցվի մինչեւ 2015 թվականը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, ով արդեն իսկ Ուկրաինայում է, հայտարարել է, որ Եվրամիությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի Չերնոբիլի ատոմակայանի համար պաշտպանիչ սարկոֆագի կառուցմանը: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը Բարոզուն հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է 110 միլիոն եվրո հատկացնել շինարարությանը:

«Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է, որ այսօր դոնորների հավաքին Մեծ ութնյակի երկրները կհայտարարեն շուրջ 332 միլիոն եվրո ընդհանուր ներդրում կատարելու մասին: Նույն աղբյուրի փոխանցմամբ` ներկայումս արդեն իսկ Մեծ ութնյակի անդամներից 5-ը հաստատել են իրենց կողմից տրամադրվելիք գումարների չափը. Ֆրանսիան պատրաստ է հատկացնել 47 միլիոն, Գերմանիան` 42.5, Մեծ Բրիտանիան` 34, Միացյալ Նահանգները` 86, իսկ Ռուսաստանը` 45 միլիոն եվրո:

Բացի այդ, Իտալիան հնարավոր է համարում 26 միլիոն հատկացնել, Ճապոնիան` 30, իսկ Կանադան` 21 միլիոն եվրո:

Մեծ ութնյակի կազմում չգտնվող երկրները եւս ֆինանսավորման պատրաստակամություն են հայտնել. այդ երկրների թվում են Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Կորեան, Քաթարը:

Ուկրաինան պատրաստ է 29 միլիոն եվրո հատկացնել:

Առնվազն 120 միլիոն խոստացել է նաեւ Եվրոպայի զագացման եւ վերակառուցման բանկը:

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է 1.5 միլիարդ դոլար ծախսել` մինչեւ 2017 թվականը ատոմային էներգաբլոկների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

Մինչդեռ Կիեւում հիշատակի միջոցառումների նախօրեին բողոքի ակցայի էին դուրս եկել չերնոբիլյան աղետի վերացման աշխատանքներին մասնակցած հազարավոր մարդիկ` պահանջելով կառավարությունից չկրճատել իրենց տրվող նպաստները: Վերջերս Ուկրաինայի կառավարությունը, պատճառաբանելով միջոցների սղությունը, 200 դոլարի փոխարեն Չերնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքները վերացնելու աշխատանքների մասնակիցներին ամսական վճարում է 150 դոլար, ինչը, ակցիայի մասնակիցների պնդմամբ, չի բավականացնում թանկարժեք դեղորայքի եւ սննդի համար:

Չերնոբիլյան աղետի հետեւանքով զոհվել է 31 մարդ, շատերը ճառագայթային հիվանդություն են ստացել: Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ:

Ներկայումս Ուկրաինայում գործում է 4 ատոմակայան: Չերնոբիլի ատոմակայանը, որում 1986 թվականի ապրիլի 26-ին տեղի է ունեցել ամենախոշոր միջուկային աղետը, կանգնեցված է: