Սերժ Սարգսյանը հարկային արտոնություններ է խոստանում ձեռնարկատերերին

Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանն այցելում է մետալուրգիական ձեռնարկություն, 8-ը ապրիլի, 2011թ.

Հայաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հարկային արտոնություններ շնորհել երկրում նորարարական արտադրություններ հիմնող ձեռնարկատերերին եւ ընկերություններին:

Հայաստանյան գործարարն համայնքի եւ նրանց միավորող կազմակերպությունների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ իշխանությունները հավատարիմ եմ մնում երկրում գործարարն միջավայրի բարելավման մասին իրենց խոստմանը:

«Ցանկացած արտադրություն, որը կհիմնվի հանրապետությունում եւ կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած, եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով», - նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ասել է Սերժ Սարգսյանը: - «Առաջին հերթին պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ»:

«Օրինակ, պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների», - գործարարների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահը:

«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում գործարար համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված այդ հանդիպմանը, գործարարները եւ նրանց միավորող կազմակերպությունները` «Հայրենական ապրանքարտադրողների միության», «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության», «ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի» ներկայացուցիչները նաեւ հնարավորություն են ունեցել Սերժ Սարգսյանին ներկայացրել իրենց հուզող խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկություններն ու երկրի ղեկավարից լսել համատեղ ջանքերով` նաեւ պետական աջակցությամբ, այդ խնդիրների լուծման հնարավորությունների եւ գործարար միջավայրի բարելավման մոտեցումների մասին: