Սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինը կնվազի

«ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյան հայտարարել է, որ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ գազ սպառող սոցիալապես անապահով ընտանիքները ապրիլի 1-ից ավելի ցածր սակագին կվճարեն գազի համար:

«ՀայՌուսգազարդ»-ին արդեն տրամադրվել է սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը: Ըստ առկա տվյալների` այդ ցանկից 49 500 ընտանիքներ հանդիսանում են գազասպառող, որոնց համար էլ նախատեսված է գազի սակագնի նվազեցում», - ասված է ընկերության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Համաձայն այդ հաղորդագրության` էներգետիկ համակարգում կատարված վերազինումների եւ վերակառուցումների արդյունքում, մասնավորապես՝ Երեւանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքների շնորհիվ, առաջացել են խնայված միջոցներ, որոնք կուղղվեն գազի սակագնի մեղմացմանը:

«Ցանկում ընդգրկված բաժանորդներին հատկացվելու են համապատասխան կտրոններ, որոնց հիման վրա 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարելու են 100 դրամ: 300 խմ ավելի սպառած գազի դիմաց կվճարեն գործող սակագնով` 132 դրամ», - ասված է հաղորդագրությունում:

Գազի գնի անցյալ տարվա բարձրացումից հետո Հայաստանը գազի 1000 խմ-ի դիմաց վճարում է 132 հազար դրամ: Դրա հետեւանքով 2010 թվականի ընթացքում գազի սպառման ծավալները նվազել էին գրեթե 20 տոկոսով: Փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կայացած հանդիպումից հետո Հայաստանի նախագահի մամուլ խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որ 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի, ավելին` «սոցիալապես անապահով խավի համար գազի գինը կնվազի»:

«Հայաստանի նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ», - ասել էր Արզումանյանը:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այս կապակցությամբ նշել էր, որ Հայաստան ներկրվող Ռուսական գազի չէր կարող եւս մեկ անգամ բարձրանալ, քանի որ առանց այդ էլ «հայաստանյան սպառողը գազի դիմաց վճարում է աշխարհում ամենաթանկ գներից մեկը»: