«Երազանքս խաղաղությունն է, որ զենքերը լռեն»․ Գյումրիում ցուցադրվեցին պատերազմը վերապրածների ձեռքի աշխատանքները

Ադրբեջանին անցած Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը 44-օրյա պատերազմից հետո Երևանում է գործում։ Կենտրոնի սաների ու դասավանդողների աշխատանքներն այսօր մեկ օրով Գյումրի էին տեղափոխվել, որի կենտրոնական փողոցներից մեկում պատերազմը վերապրած մարդկանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես էր կազմակերպվել։

Էրիկ Ալավերդյանը կենտրոնի ուսուցիչներից է։ Նրա նկարներում Շուշին է, Հադրութի բնությունն ու եկեղեցին, որի խաչն այլևս գմբեթի վրա չէ։

«Այ էս եկեղեցու խաչը հանել են, եկեղեցին հիմա թուրքերի ձեռին է», - ասաց Ալավերդյանը՝ նշելով՝ անընդհատ Հադրութ վերադառնալու մասին է երազում ու մտածում։

«Ոնց կարանք չհիշենք, սաղ կյանքն էնտեղ ապրել ես։ Ամեն ինչ թողել ենք էնտեղ, եկել ենք, բա չհիշե՞նք», - ասաց Ալավերդյանը։

Էրիկ Ալավերդյան

Ի տարբերություն արցախցու, տարիներ առաջ սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխվածները ետ վերադառնալ չեն ցանկանում։ Ռշտունի ամուսինները քաղցրավենիքի փոքր բիզնես են հիմնել ու այստեղ տուն-տեղ դրել․ - «Մեր ծնողները 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանից փախան եկան Սիրիա, հիմա մենք էլ եկանք էստեղ։ Այսպես է մեր կյանքը։ Ամեն հարյուր տարին ուրիշ տեղ կտեղափոխվենք, մեր ուզածով չէ անշուշտ, բայց կյանքն է այդպիսին ու նորից զրոյից կհիմնենք։ Հուսանք, որ մեր թոռները այլևս կհաստատվեն»։

Նազարեթ Արոյանը սիրիական պատերազմի թեժ օրերին է Հայաստան տեղափոխվել, Երևանում է ապրում։ Հալեպի տունն ու խանութները ավերակների էին վերածվել։

Նազարեթ Արոյան

Նախկին գորգավաճառը արծաթյա իրերի արտադրամաս ունի, անթաքույց հպարտանում է իր զարդերով։ «Նայեք թե ինչ աշխատանք է, ձեռքի աշխատանք է։ Հայրենիք եկանք՝ վերջակետ դնելով, որ այստեղ թաղվենք», - ասաց Արոյանը՝ նշելով Սիրիա վերադառնալ չի ցանկանում։

Նազարեթ Արոյանի ձեռքի աշխատանքները

Սիրիահայ Սալբին Հայաստանում հաստատվելուց հետո է սկսել նկարել։ «Եկել ենք, այստեղ ենք հաստատվել՝ ընտանիքով։ Ամուսինս ոստկերիչ է, ես էլ սկսել եմ նկարել։ 2016-ին Հայաստանում սկսեցի նկարել։ Առաջինը Մասիսն եմ նկարել, շատ եմ սիրում Մասիսը, ամեն առավոտ արթնանում եմ ու պետք է իմ լուսամուտից Մասիսը տեսնեմ», - ասաց նկարչուհին։

Սալբի

Ասում է՝ 44-օրյա պատերազմի օրերին վրձինը չէր կարողանում ձեռքը վերցնել, միայն մի նկար է նկարել։

Սիրիայում պատերազմն իր աչքերով է տեսել։ «Ահավոր պատերազմ էր Սիրիայում, չես կարող պատկերացնել, շատ ահավոր էր, չէ, չենք վերադառնալու, մենք արդեն սխալ տեղ էինք ապրում էսքան տարի, եկանք գտանք մեր ճիշտ տեղը», - ասաց Սալբին՝ շեշտելով՝ երազանքը խաղաղությունն է, որ զենքերը լռեն։