Իշխող ուժը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի որոշում՝ չդիմելու Սահմանադրական դատարան», - տեղեկացրեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Այսպես ասած՝ «սև ցուցակում» «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են, որ աշնանային նստաշրջանի կեսից վերադարձան խորհրդարան։ Ազգային ժողովի կանոնակարգով՝ քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորների հարցը մեխանիկորեն է հասնում խորհրդի օրակարգ, մեկնաբանում է իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Այստեղ էլ քվեարկությամբ որոշվում է դիմել Սահմանադրական դատարան, թե ոչ։
Ինչո՞ւ նահանջեցին իշխանականները, որ իրենց ընդդիմախոսներին հաճախ են զգուշացնում մանդատներից զրկվելու հեռանկարի մասին, Կոնջորյանն ասաց. «Հնարավորություն տանք, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, ներկայացված լինեն Ազգային ժողովում, և այս որոշումը նաև այդ քաղաքացիների, մեր քաղաքացիների քվեի նկատմամբ մեր ունեցած հարգանքի դրսևորումն է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ում դեռ չեն որոշել՝ 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար կդիմեն ՍԴ, թե՝ ոչԸնդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները սկսեցին քննարկել ընդդիմության բոյկոտից հետո։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները նիստերին չէին գնում, երբ անցած տարի փողոցում վարչապետ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում։
Երկրորդ անգամ է՝ քննարկում են, բայց Սահմանադրական դատարան չեն դիմում։
«Մեր այս որոշումը դեռ չի նշանակում, որ հաջորդ նման իրավիճակի դեպքում մենք այլ որոշում չենք կայացնելու և չենք դիմելու ՍԴ», - նշեց իշխող խմբակցության ղեկավարը:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որ այս ցուցակում է, պնդում է՝ իշխանության համար այս հարցը պարզապես ընդդիմադիրներին ճնշելու, սպառնալու գործիք է. «Ակնհայտ է, որ սա հստակ քաղաքական գործընթաց է և քաղաքական հետապնդման փորձ»:
Ընդդիմադիր խմբակցության համար անընդունելի է ընտրողների անունից մեկնաբանել այս նահանջը, ասում է պատգամավոր Մինասյանը։ Թող դիմեն դատարան և համոզվեն՝ արդյոք քաղաքական բոյկոտը համարժեք է անհարգելի բացակայություններին ու մանդատներից զրկելու հիմք է։
«Հակառակ դեպքում կստացվի, որ շարունակում են պահել իրենց ձեռքին որպես այսպես կոչված՝ մահակ», - նկատեց նա:
Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակի այն որպես մահակ կիրառել, ընդդիմադիրները կդիմեն բարձր դատարան կանոնակարգի այդ դրույթի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, զգուշացնում է Արծվիկ Մինասյանը. «Կարող է մենք դիմենք՝ օրենքի դրույթները վիճարկելով Սահմանադրական դատարանում»:
Ազգային ժողովի խորհուրդը, որտեղ իշխանականներն են մեծամասնություն, այսօր պետք է հարցը քննարկեր ու քվեարկությամբ որոշեր՝ բարձր դատարանում պատգամավորների մանդատները վիճարկելու կարիք կա, թե ոչ։ Սակայն, ընդդիմադիրները չներկայացան նիստին, ու հարցի քննարկումը ավտոմատ հետաձգվեց հաջորդ շաբաթ։ Բայց մինչ այդ էլ գործընթաց չսկսելու որոշում արդեն ունեն:
«Բայց դրանից մեր որոշումը, բնականաբար, չի փոխվի», - նշեց Հայկ Կոնջորյանը, որ իշխանության մեծահոգությունը բացատրում է նաև Ազգային ժողովում բնականոն աշխատանքը ապահովելու պատասխանատվությամբ. «Եվ մեր դիրքորոշումն այն է, որ մենք պիտի հնարավորություն տանք ընդդիմությանը, որ իրենք գան խորհրդարան ու աշխատեն»:
Արծվիկ Մինասյանը հակադարձում է՝ ի վերջո բնականոն աշխատանքի մաս է նաև քաղաքացու ընտրած ընդդիմության նախագծերն ու առաջարկները խորհրդարանում լիարժեք քննարկելը, ինչը իշխանությունը գրեթե միշտ բոյկոտում է։
«Երբ, օրինակ, ընդդիմությունը հրավիրում է արտահերթ նիստ կամ արտահերթ նստաշրջան, իրենք չեն գալիս, ինչո՞ւ պետք է բոյկոտը համարվի նորմալ իրենց կողմից իրականացված, իսկ երբ որ ընդդիմությունն է իրականացնում այդ նույն գործողությունը, համարվի աննորմալ», - ասում է նա: