Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շարունակում է հանդիպումները Լոձում։
Հանդիպում Սլովենիայի արտգործնախարարի հետ
Արարատ Միրզոյանը Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնին է ներկայացրել Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։
Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր:
Հանդիպում Նիդերլանդների արտգործնախարարի հետ
Նիդերլանդների Թագավորության արտգործնախարար Վոբկե Հուկստրայի հետ հանդիպմանը Միրզոյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման ուղղությամբ Նիդերլանդների հետ հաստատված սերտ փոխգործակցությունը:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ սեփական առավելապաշտական նպատակներին հասնելու Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Միջազգային հանրության հասցեական և սկզբունքային գնահատականները կարող են նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատմանը, ասել է Միրզոյանը:
Նա իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցերը Միրզոյանը քննարկել է նաև Հուկստրայի հետ։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն դրական դեր է խաղում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:
Միրզոյանը Լոձում է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատումը չպետք է վերածվի ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի. ԱԳ նախարար