Արցախում հանրային ընկալումների, պաշտոնական ուղերձների մեջ շարունակում է գոյություն ունենալ մինչպատերազմական իներցիան, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ նկատելով՝ Երևանն ու Ստեփանակերտը երկու ծայրահեղությունների մեջ են։
Քաղաքագետի խոսքով՝ Ստեփանակերտում ընկալման խնդիր կա, որ իրավիճակը փոխվել է, որ այլևս չեն կարող նույն դիսկուրսներն օգտագործել, որոնք եղել են մինչև պատերազմը։
«Գործադիրն, ամենայն հավանականությամբ, հասկանում է իրավիճակի ողջ լրջությունը, սակայն սահմանափակված է քաղաքական ինչ-որ խնդիրներով։ Օրինակ, երբ Արցախի ընդդիմությունը պարբերաբար ինչ-որ պոպուլիստական հայտարարություններով է հանդես գալիս, նույն նախագահը կամ գործադիր մարմնի այլ ներկայացուցիչները չեն կարողանում հաղթահարել այդ պոպուլիզմի ալիքը և ավելի ռացիոնալ հայտարարություններով հանդես գալ, չնայած իրենց հայտարարությունները շատ ավելի ռացիոնալ ու իրատեսական են քան, օրինակ, խորհրդարանի կողմից հնչող հայտարարությունները», - նկատեց Գրիգորյանը։
Երևանում էլ, քաղաքագետի կարծիքով, մեկ այլ ծայրահեղություն կա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նշաձող չունենք իջեցնելու, ունենք կարմիր գծեր և պետք է դրանով առաջնորդվենք. չկա վերադարձ անցյալին». Դավիթ Բաբայան«Մասամբ իշխանությունների, մասամբ ինչ-որ վերլուծական շրջանակների մոտ՝ որ «Հայաստանն այլևս անելիք չունի Ղարաբաղի հարցում, Հայաստանից ոչինչ կախված չէ, ամեն ինչ որոշվում է առանց մեզ, Հայաստանը պետք է հնարավորինս շուտ հասնի ամեն գնով պայմանավորվածության Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցում, որովհետև եթե չհասնենք, արդեն Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության հարց է լինելու»։ Այս երկու ծայրահեղությունների արանքում պետք է մեկ ռացիոնալ կետ գտնել և այդ կետի հիման վրա կառուցել մեր քաղաքականությունը», - ասաց քաղաքագետը։
Հարցին, թե Ստեփանակերտի կարմիր գծերի քաղաքականությունն ընդունելի՞ է իր համար, Գրիգորյանը պատասխանեց՝ կարմիր գծեր պետք է լինեն, բայց դրանք պետք է նաև ինչ-որ չափով համապատասխանեն առկա իրողություններին ու գոյություն ունեցող ռեսուրսներին։
«Երբ այս փուլում, մեծ հաշվով, կա նույն Ստեփանակերտը կորցնելու վտանգ ու իրատեսական վտանգ ու դու խոսում ես Ջաբրայիլի դեօկուպացիայի մասին, պարզ է, որ այդ հայտարարությունները, այդ մեսիջներն ընկալելի չեն լինելու ոչ միայն միջազգային հանրության համար, այլ նաև նույն Երևանի համար, որովհետև կտրված են իրականությունից, - ասաց Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է՝ ՀՀ տարածքով միջանցք բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, Երևանը հերքում էԽոսելով միջանցքի հարցից քաղաքագետը նշեց՝ ինչ-որ միջանցքային տրամաբանություն այնուամենայնիվ գոյություն ունենալու է։
«Երբ մենք խոսում ենք այն մասին, որ ադրբեջանական բեռնատարներին կամ ուղևորներին ուղեկցելու է ինչ-որ խումբ, որի մեջ ներառված են լինելու նաև ռուս զինծառայողներ, կամ այլ ծառայությունների ներկայացուցիչներ, այսինքն, երբ մենք խոսում ենք, որ հայկական սահմանին ռուս սահմանապահ ուժերն են կանգնած լինելու, և եթե հատկապես հաշվի ենք առնում, որ դժվար թե նման սկզբունքներ գործեն հայկական բեռնատարների, ուղևորների համար Ադրբեջանի տարածքում, ես դժվար եմ պատկերացնում, որ Ադրբեջանը դրան կհամաձայնի, ապա ինչ-որ միջանցքային տրամաբանություն իհարակե գոյություն ունի, բայց լիովին դա միջանցք անվանել, երևի սխալ կլինի», - ասաց Գրիգորյանը՝ նկատելով․ - «Եթե չկա փոխադարձության սկզբունքը, եթե ապաշրջափակումը չի իրականացվում փոխադարձության սկզբունքի հիման վրա, ապա կարելի է ասել, որ գործ ունենք հենց միջանցքային տրամաբանության հետ, այլ ոչ թե ինչ-որ համապարփակ ապաշրջափակման գործընթացի հետ»։
Տիգրան Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․