Սիլվիո Բերլուսկոնին հիասթափվել է Վլադիմիր Պուտինից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, արխիվ, Լիպեցկի ռազմական օդակայան, 21 ապրիլի, 2004թ.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ասել է, թե Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո հիասթափվել է նախագահ Վլադիմիր Պուտինից: Այդ մասին իտալացի անվանի գործիչն ասել է իր հիմնադրած և առաջնորդած Forza Italia (Առա՛ջ, Իտալիա) կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ընթացքում:

«Մենք դարձել ենք Ուկրաինայի նման չեզոք պետության վրա աննախադեպ ագրեսիայի ականատեսը, Ուկրաինան այսօր մեծ պատվով ու հերոսաբար պայքարում է իր ազատության համար: Ուկրաինայի դեմ ագրեսիայով Ռուսաստանն ընկավ Չինաստանի գիրկը: Ես շատ վրդովված եմ և հիասթափված Վլադիմիր Պուտինից: Նա իր վրա հսկայական պատասխանատվություն վերցրեց ամբողջ աշխարհի առաջ»,- ասել է Բերլուսկոնին:

Իտալական մամուլը նկատել է, որ պատերազմի առաջին օրերին 85-ամյա Բերլուսկոնին ասել է, թե «մտահոգված է կոնֆլիկտի ծավալումից», բայց չի նշել Պուտինի անունը:

Նախկինում Բերլուսկոնին և Պուտինը միմյանց «բարեկամներ» են անվանել և պարբերաբար այցելել են իրար:

Երբ Պուտինը 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Բերլուսկոնիին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, Բերլուսկոնին Ռուսաստանի ղեկավարին անվանել է «արդիական միջազգային քաղաքական ասպարեզում վերջին ականավոր առաջնորդը»: