Հայաստանը պետք է սկսի որոնել անվտանգային նոր հնարավորություններ, Ռուսաստանի հետ շահերը չեն համընկնում, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը՝ շեշտելով՝ «ինչքան ձգձգենք, այնքան կորուստներ կունենանք»։
Գրիգորյանը նկատեց՝ Ռուսաստանի դիրքորոշման մեջ շատ մեծ դեր է խաղում Թուրքիան։
«Ռուսաստանը շատ լուրջ սանկցիաների տակ է, հիմա Թուրքիայի, Ադրբեջանի միջոցով, այնտեղ էլ ավտորիտար ռեժիմներ են, Պուտինը պլաններ ունի շրջանցել մասամբ սանկցիաները։ Պարզ է, թե Թուրքիան ինչ է պահանջում Ռուսաստանից՝ «ես սանկցիաներ չեմ կիրառի, ես քեզ կօգնեմ տակից, կոպիտ ասած, բայց դու լուծի վերջնական Լեռնային Ղարաբաղի հարցը», դա է պատճառը, որ մենք այսօր պետք է շատ լուրջ քայլեր անենք», - ասաց վերլուծաբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի ուղղությամբ խախտել է շփման գիծը, բանակցություններ են ընթանում, հայտնում է ՍտեփանակերտըՀայաստանը պետք է իրեն դուրս բերի ռուսական ծիրի մեջից և տեղափոխի այն դաշտ, որտեղ հիմա Ուկրաինան է, որտեղ հիմա Ուկրաինայի հետ ողջ աշխարհի գթասրտությունն է, օգնությունը՝ ֆինանսական, ռազմական և այլն, համոզված է նաև Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։
Խզմալյանի համոզմամբ, Ադրբեջանն ու Ռուսաստանը պայամանվորված պատերազմ են վարում՝ ինչպես 44-օրյա պատերազմն էր, ինչպես 2016-ի քառօրա պատերազմն էր՝ շեշտելով՝ Հայաստանը ծուղակն է ընկել։
«Մեր իսկ պատճառով, մեր իսկ մեղքով, ավելի ճիշտ, աշխարհը շարունակում է ընկալել Հայաստանը որպես Ռուսաստանի շարունակություն, որպես Ռուսաստանի դաշնակից, որովհետև մենք երբեք խիզախություն, անկեղծություն չենք ունեցել՝ ո՛չ սեփական ժողովրդին, ո՛չ աշխարհին ասելու, որ Ռուսաստանն իրականում ոչ թե դաշնակից է, այլ թշնամի, զավթիչ, գաղութատեր։ Ահա ինչու հիմա ամենակարևորն է, ըստ իս, իմ խորին համոզմամբ, Հայաստանը պետք է իրեն դուրս բերի այդ ռուսական ծիրի մեջից», - եզրափակեց Եվրոպական կուսակցության ղեկավարը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․