Թվիթերյան գրառումը չի արտացոլում Գերագույն Ռադայի կարծիքը, մեղավորները պատժվել են․ ուկրաինացի պատգամավոր

Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան էջում հայտնված գրառումը տեխնիկական սխալ էր, այն անմիջապես հեռացվել է, իսկ բոլոր մեղավորները պատժվել են, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ուկրաինայի Գերագույն Ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Դարյա Վոլոդինան։

Ցավալի է, որ նման թվիթ է հայտնվել Գերագույն Ռադայի կայքում, ասաց Վոլոդինան՝ շեշտելով, որ այն չի արտացոլում Գերագույն Ռադայի և իշխող խմբակցության կարծիքը։

Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան էջում արված գրառումը, 25-ը մարտի, 2022թ․

Թվիթերում ասվում էր, թե «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման անցան Ղարաբաղում՝ օգտվելով Ռուսաստանի Դաշնության զորքերի Ուկրաինա ուղարկվելուց»։

«Նման գործողությունները՝ ռազմական հակամարտությունները ոչ մի կերպ չեն կարող դրական ընկալվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորների և ընդհանրապես Ուկրաինայի ժողովրդի կողմից։ Դուք հիմա հասկանում եք, թե ինչ իրավիճակում ենք մենք ապրում և ինչ ցավով կարող ենք ընկալել նմանատիպ հակամարտություններն այլ երկրներում», - ասաց ուկրաինացի պատգամավորը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։ Ռուսական ուժերի կողմից ավերվել են և փլատակների են վերածվել բազմաթիվ քաղաքներ, փախստականների թիվն արդեն հասնում է 4 միլիոնի։

Դարյա Վոլոդինան ներխուժումը որակեց «բացարձակ բարբարոսական» ինքիշխան, անկախ պետության վրա, որը, նրա խոսքով, ոչ մի իմաստ կամ բացատրություն չունի։

«Այդ բացատրությունը՝ սկզբում նշված հիմնական պատճառները, իրականության հետ կապ չունեն, այսպես կոչված, դենացիֆիկացիա, որի մասին խոսեց Ռուսաստանի նախագահն իր ուղերձում։ Դե Դուք հիանալի հասկանում եք, որ մեր նախագահը՝ Զելենսկին, հրեական արմատներ ունի և նման բան սկզբունքորեն չի կարող լինել։ Երկրում նացիստներ չկան և բացարձակապես ոչինչ չկա, որի դեմ կարելի է պայքարել, հետևաբար, սա, ըստ երևույթին, բացառապես ցանկություն է ինչ-որ կերպ ցույց տալու, որ երկիրն ինչ-որ բանի է ընդունակ, և իր ժողովրդին ապացուցելու, որ նա ինչ-որ բանի ընդունակ է։ Ես դա ոչ մի կերպ չեմ կարող բացատրել, ինձ համար սա անտրամաբանական է», - ասաց ուկրաինացի պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․