44-օրյա պատերազմի արդյունքի գլխավոր պատճառն, ըստ «Ազգային ժողովրդավարական բևեռի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի, «30 տարի հլու-հնազանդ ռուսական սապոգի տակ գտնվելն է եղել»։
«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Սեֆլյանն ընդգծեց՝ նույնիսկ պատերազմի ընթացքում, եթե Երևանի քաղաքական ղեկավարությունն իր վեկտորը փոխեր և ճշմարիտ դաշնակիցների հետ փորձեր գործակցել, ռազմական օգնություն կստանար։
Սեֆիլյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Ես ուզում եմ Կառավարության ծրագիրը վկայակոչել, որը քննարկվում է խորհրդարանում՝ «կա համագործակցություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Եվրամիության հետ», բայց ռազմաքաղաքական դաշնակցության մասին նշված է միայն Մոսկվան։
Ժիրայր Սեֆիլյան․ - Բարեբախտաբար իրենք չեն թաքցնում իրենց դավաճանական ընթացքը, և այսօր շատերի համար պարզ է, որ 44-օրյա պատերազմի արդյունքը, որ մենք ստացանք, դրա գլխավոր պատճառն այն էր, որ մենք 30 տարի շարունակ հլու-հնազանդ, մեր կամքով, գտնվել ենք ռուսական սապոգի տակ։ Այսօր էլ քաղաքական դավաճան ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է նույն դավաճանական ընթացքը, և 44-օրյա պատերազմից հետո, այս իմաստով, հայ ժողովրդի մտքում շատ բան է փոխվել։ Նախկինում շատերը չէին հասկանում մեզ, երբ ասում էինք՝ «մեր թշնամին միայն Թուրքիան չէ, նաև գործող ռուսական պետության կառավարությունը՝ Կրեմլի գլխավորությամբ», շատերը մեզ չէին հասկանում, բայց 44-օրյա պատերազմից հետո արդեն շատերն են հասկացել, և ամբողջ խնդիրը հենց այս հանգամանքի մեջ է։ Մենք՝ հայերս պիտի հասկանանք, որ վերջապես նախորդ 15-20 տարիներին Արևմուտքն ինչ-որ չափով մեզ արհամարհանքով էր վերաբերվում մեր ստրկամտության պատճառով, եթե մենք՝ հայերս օգտագործեինք և վրացիների զարթոնքին զուգահեռ մենք ևս զարթնեինք, այդ ժամանակ, վստահաբար, այսօր այլ Հայաստան էր լինելու։
«Ազատություն»․ - Պարոն Սեֆիլյան, որտեղի՞ց այդ համոզումը, որ հիմա Ֆրանսիան, Միացյալ Նահանգները կազմ-պատրաստ զենք են ուղարկելու, օգնելու են Հայաստանին։
Ժիրայր Սեֆիլյան․ - Ես վստահ եմ, որ նույնիսկ պատերազմի ժամանակաընթացքում, եթե Երևանի քաղաքական ղեկավարությունն իր վեկտորը փոխեր և ճշմարիտ դաշնակիցների հետ փորձեր գործակցել, նույնիսկ պատերազմի ժամանակ այդ օգնությունը մենք կստանայինք, ոչ ոք պետք չէ կասկածի էս ամենին։ Էդ փորձերը եղել են, ես նույնիսկ ինչ-որ պատմության մեջ թաթախված եմ եղել, ապագայում, եթե պետք լինի, էդ փակագծերը կբացեմ։
«Ազատություն»․ - Նկատի ունեք՝ ռազմական համագործակցության եզրեր գտնել։
Ժիրայր Սեֆիլյան․ - Նույն ռազմական օժանդակության մասին է խոսքը։ Այդ օրերին, հիշում եք, հայերն աշխարհով մեկ փորձում էին, տարբեր ձևերով իրենց կապերն օգտագործելով, ի օգուտ Արցախին դրական քայլ անել, և, բարեբախտաբար, հայերը քիչ կապեր չունեն աշխարհով մեկ, սակայն Երևանի դավաճան իշխանությունների պատճառով այդ ամբողջ կապերից ոչ մի օգուտ մենք չստացանք, այսինքն՝ բոլոր առաջարկությունները, որ եղել են, Երևանը համառորեն մերժել է, ինչո՞ւ, որովհետև Կրեմլից այդպես էին հրահանգել։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև