Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե հաղորդակցության ուղիների բացմանը։
Պատասխանելով «Զանգեզուրյան միջանցք»-ի կապակցությամբ Թեհրանում հնչած քննադատությունների վերաբերյալ լրագրողի հարցին` դեսպանն ասել է․ «Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունում հստակ ասված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Չեմ կարծում, թե տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։
Մենք կողմ ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած ուղիներով՝ առանց փոփոխելու պետությունների սահմանները։ Տվյալ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռազմական ճանապարհով սահմանների փոփոխությունը կխախտի տարածաշրջանի կայունությունը, և դեռևս նման հեռանկար չի երևում»,- ասել է Իրանի դեսպանը, հավելելով, որ երկաթուղային ուղիների բացումը կնպաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև կապերի ու համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին։