Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի կունենա ԱՊՀ պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստը

Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ (Անկախ Պետությունների Համագործակցության) անդամ պետությունների Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դրան կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակություններ:

Զինված ուժերի պատվիրակությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմական համագործակցության մի շարք հարցեր: