Թուրքիան Իսլանդիայի խորհրդարանին հորդորում է չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին, արխիվ

Թուրքիան Իսլանդիայի խորհրդարանին հորդորում է չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որի նախագիծն օրակարգում է։

«Բանաձևը ստվերելու է Թուրքիա-Իսլանդիա հարաբերությունները», - դիմելով իսլանդացի պաշտոնակից Շտեգրիմուր Սիգֆուսոնին՝ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը։

1915 թվականին Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության փաստը ժխտելով՝ թուրք պաշտոնյան պնդել է, թե «հարցը վիճահարույց է, և այն խորհրդարանների իրավասության ներքո չէ», փոխանցում է Anadolu գործակալությունը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներ, միջազգային կազմակերպություններ։

Այս տարի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը, ինչով ամբողջացավ Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից՝ ավելի վաղ համապատասխան բանաձևեր էին ընդունել Կոնգրեսի երկու պալատները։

2021 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև Լատվիայի խորհրդարանը։