Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ կուսակցությունների ղեկավարներն իրենց անհանգստությունն են փոխանցել երկրում և նրա սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով չափազանց մտահոգիչ և վտանգավոր: Նրանք ընդգծել են ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը՝ նշելով, որ մեր երկրի առջև ներկայումս ծառացած սպառնալիքների պարագայում հապաղումը կարող է ավելի լուրջ վտանգների հանգեցնել:
Հայտնելով, որ պաշտպանում են Հանրապետության նախագահի՝ ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկությունը, Արամ Սարգսյանն ու Գագիկ Մարգարյանը ստեղծված իրավիճակում կարևոր են համարել նախագահի դերը: Առաջարկ է հնչել կազմակերպել ավելի լայն ձևաչափով հանդիպում իրավիճակից դուրս գալու ուղիները քննարկելու համար:
Անդրադառնալով ներկայացված մտահոգություններին՝ Արմեն Սարգսյանն ընդգծել է իրավիճակն օրենսդրական ճանապարհով, սահմանադրական եղանակով հանգուցալուծելու կարևորությունը: Մեր երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման համար նախագահը կարևորել է պետական ինստիտուտների կայացումը, պետական մտածողությունն ու պետական կարգապահությանը:
Նախագահը նշել է, որ կողմ է ցանկացած ձևաչափով քննարկումներին՝ ավելացնելով, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել բոլոր կողմերին մեկ սեղանի շուրջ հավաքելու համար։ «Այսօր ամենակարևորն այս իրավիճակը հաղթահարելն է, որպես երկիր և ժողովուրդ դրանից արժանապատվորեն դուրս գալը», - ասել է Արմեն Սարգսյանը: