The New York Times պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզական ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները, պնդում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման զինյալներին գումար են առաջարկել այդ երկրում տեղակայված միջազգային կոալիցիայի զինծառայողների դեմ հարձակումների դիմաց։
Թերթի տեղեկություններով՝ ամերիկյան հետախուզությունն այս մասին տեղեկացել է գերեվարված թալիբների հարցաքննությունների ժամանակ։ Ստացված տեղեկությունների հիման վրա ամերիկյան հատուկ ծառայությունները հանգել են եզրակացության, որ թալիբներին հարձակումների դիմաց վարձատրություն է տրամադրել Ռուսաստանի ռազմական հետախուզությունը (ГРУ):
«Ըստ ամենայնի, խոսքը ռուսական հետախուզության կազմում գործող այն նույն ստորաբաժանման մասին է, որի աշխատակիցները 2018 թվականին փորձել էին թունավորել Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին», - գրում է թերթը։