ՌԴ դատախազությունը Քննչական կոմիտեին պարտավորեցրել է վերաձևակերպել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեին պարտավորեցրել է վերաձևակերպել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը և սպանությունից դարձնել անհրաժեշտ պաշտպանություն: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը: Սա կարող է նշանակել, որ Խաչատուրյան քույրերը այլևս քրեական հետապնդման չեն ենթարկվի:

Դատախազությունը որոշեց, որ քույրերն իրավունք ունեին ամեն կերպ պաշտպանվել իրենց հորից, ասել է փաստաբանը:

Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը որոշել էր մեղադրական եզրակացությունը վերադարձնել հետաքննությանը՝ նշելով, որ այն լուրջ խախտումներ է պարունակում, գրել էր «Կոմերսանտ» թերթը:

Մարիան, Անջելինան և Քրիստինան ձերբակալվել են Մոսկվայում 2018-ի հուլիսին: Նրանք մեղադրվում էին 57-ամյա հորը սպանելու մեջ: Քույրերն իրենք էին ոստիկանություն կանչել: Նրանց փաստաբանները պնդում են, որ սպանությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության շրջանակներում՝ երկարամյա տանջանքների, ծեծի, սեռական բռնության ֆոնին:

Քույրերի աջակցության քարոզարշավը լայն հասարակական քննարկումներ էր առաջացրել ընտանեկան բռնության վերաբերյալ Հայաստանում և Ռուսաստանում: Ի աջակցություն քույրերի մի շարք ակցիաներ տեղի ունեցան Հայաստանում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Քույրերին պաշտպանեցին նաև երաժիշտներ, արվեստագետներ և հասարակական գործիչներ, այդ թվում՝ System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը: