ԱՄՆ-ն վերականգնել է բանակցությունները «Թալիբան»-ի հետ

արխիվ

Քաթարում այսօր շարունակվում է ԱՄՆ-ի և աֆղանական արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև երեկվանից վերսկսված հանդիպումը: Բանակցություններում քննարկվում են լարվածությունը թուլացնելու հարցերը, որոնք կարող են Աֆղանստանի ներսում հանգեցնել երկխոսության և հաշտության:

Հանդիպմանը մասնակցում են «Թալիբան»-ի զինված խմբավորումների ղեկավարները, իսկ ամերիկյան պատվիակությունը կրկին գլխավորում է Աֆղանստանի հարցով պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը:

Սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով թալիբների հետ բանակցություններն ընդհատվել էին այն բանից հետո, երբ Քաբուլում իրականացված պայթյունի հետևանքով 12 մարդ զոհվեց, այդ թվում՝ ամերիկացի զինծառայող:

Նոյեմբերի վերջին Թրամփը նախապես չհայտարարված այց կատարեց Աֆղանստան, որտեղ ասել էր, թե իր վարչակազմը վերականգնում է բանակցությունները, իսկ թալիբները պատրաստակամություն են հայտնել դադարեցնել կրակը: