Անկարան չի պատրաստվում հրաժարվել ռուսական S-400֊ների գործարկման մտքից

Անկարան հայտարարում է, թե ռուսական S-400֊ների մատակարարման երկրորդ փուլն ավարտվել է: ֊ «Զենիթահրթիռային համակարգերը կսկսեն գործել հաջորդ տարվա ապրիլից», - նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Ռուսների հետ այս գործարքը խորը տարաձայնություններ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում, Վաշինգտոնը սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ, պնդելով թե ռուսական համակարգերի ներդրմամբ Թուրքիան վտանգում է ՆԱՏՕ֊ի դաշնակիցներին:

Չնայած ամերիկյան կողմի այդ սպառնալիքներին՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ CNN Turk-ի հետ հարցազրույցում պնդել է՝ Անկարան իր ծրագրերից չի հրաժարվելու։ ֊ «Ամերիկացիները ասում են՝ մի գործարկեք այդ համակարգերը և մենք կլուծենք այս խնդիրը, մենք էլ ասում են՝ ոչ, մենք այդ զենքը ցուցադրության համար չենք գնել», ֊ մեկնաբանել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ երեկ Reuters֊ին տված հարցազրույցում հույս էր հայտնել, թե կկարողանա օգտագործել Ամերիկայի նախագահի հետ անձնական կապերն ու հարթել այս խնդիրը սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայանալիք հանդիպման ընթացքում: