Ամեն ինչ արել ենք, որպեսզի պետության ռեսուրսների վատնում տեղի չունենա. Սինանյան

Շուրջ 3 տասնյակ երկրներից մոտ 400 սփյուռքահայ երիտասարդ այս տարի մասնակցում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրին։ Այն նախատեսված է 13-18 տարեկան սփյուռքահայերի համար։

Ծրագիրը, որի համար հատկացվել է 86 միլիոն դրամ, իրականացվելու է երկու փուլով և տևելու է մինչև օգոստոսի 25-ը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մասնակիցները ոչ թե կհյուրընկալվեն հայաստանցի ընտանիքներին, այլ ժամանակը կանցկացնեն ճամբարներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Իրականում դժվար է բավական քանակությամբ տներ գտնել, որոնք համապատասխան պայմաններն են առաջարկում երեխաների կեցության համար և ընդհանրապես իրենք իրար հետ ավելի լավ մերվելու, լավ աշխատելու նպատակներով այդ համակեցությունը շատ ավելի լավ ֆորմատ էր։ Հայաստանում իրենց սպասում է նախևառաջ հյուրընկալ հայրենիք, բայց ավելի մանրամասն, իհարկե, իրենց սպասում են կրթական ծրագրեր, ծանոթություն իրենց հայրենակիցների հետ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքի այլ գաղթօջախներից, ճանաչողական այցելություններ կրթական կրթօջախներ, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր։ Ընդհանրապես իրենց սպասում է մեծ կապերի ստեղծում հայրենիքի հետ», - նշեց Սինանյանը։

Դեռ նախորդ տարի սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց՝ բացահայտել է, որ շռայլություններ են եղել նախարարության տարբեր ծրագրերում «Օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի լանչի համար չորս հազար դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային կամ սև խավիա՞ր»: Նախկին նախարարը ընդգծել էր՝ կասկածներ ունի, որ փողեր են մսխվել: «Ազատության» հարցին ի պատասխան, Սինանյանը բացառեց, որ այս տարի բյուջեի վատնում կլինի։

«Մենք միշտ երկու աշխատակից կցած ենք ունենալու այս ծրագրին, որպեսզի ներկա լինենք, բոլոր խնդիրներին ծանոթ լինենք, էսպես մոնիտորինգի մեխանիզմներ դնենք, ամեն ինչ արել ենք, որպեսզի որևէ վատնում ռեսուրսների, մեր պետության սակավ ռեսուրսների տեղի չունենա», - ընդգծեց Սինանյանը։

Անցած տարի Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։ Պետական վերահսկողության ծառայությունը «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ում ուսումնասիրություն էր իրականացրել, որն ընդգրկել էր 2015-2018-ին իրականացրած գնումների գործընթացը։ ՊՎԾ-ից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով փաստական տվյալներ էին ձեռք բերվել՝ մի քանի դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում առերևույթ չարաշահումների մասին, մասնավորապես, ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել էին բարձր գին առաջարկած ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Բացի այդ, առերևույթ չարաշահումներ էին հայտնաբերվել նաև 2015-2018 թվականների ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017 թվականի ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետևանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել և վատնվել էին առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Պետական վերահսկողության ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը. փոխանցել է 100 մլն դրամ։ Համաներման արդյունքում նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: