Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն անտեսում են Վիեննայի գագաթնաժողովի պարտավորվածությունները. ԱԳՆ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն անտեսում են այս տարի Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում ստանձնած պարտավորվածությունները, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաև արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից», - ասել է Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ դատապարտում են մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ:

Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության, նա ընդգծել է, որ այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Արտգործնախարարությունը նշում է, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող: