Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ

Սամվել Բաբայան, արխիվ

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ կալանավորվել է։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Ալեքսեյ Բալայանին և Ռոլանդ Այդինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նաև նշեց, որ քրեական գործի շրջանակներում բացի նշված մեղադրյալներից երկու անձ ներգրավված է որպես կասկածյալ։ «Ընդհանուր առմամբ՝ կասկածյալի երկու և մեղադրյալի երկու դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կան», - ասաց Նաիրա Հարությունյանը։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակն օրերս հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել:

Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեցին, որ բացահայտել են Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքներ, կան ձերբակալվածներ։ Ոստիկանությունը տարածած հաղորդագրությունում նշեց, որ Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և Ռոլանդ Ա.-ն։ Ալեքսեյ Բ.-ն ու Ռոլանդ Ա.-ն ձերբակալվել և գտնվում են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հայտարարեց, որ Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է՝ շեշտելով, որ միջադեպի պատճառը ֆինանսական հարցերն են եղել։