Երևանը հակադարձում է Բաքվի մեղադրանքներին․ Հայաստանը և Արցախը հավատարիմ են իրենց հանձնառություններին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Հայաստանը և Արցախը հավատարիմ են իրենց հանձնառություններին, հայտարարել է ՀՀ արտգործնախարարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հակադարձելով հրադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքներին:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է ադրբեջանցի զինծառայողի սպանության մեջ։

«Բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու առաջարկը պատկանում է Հայաստանին։ Հայկական կողմը չի կարող մերժել այն, ինչ հենց ինքն է առաջարկել։ Այդ մթնոլորտի ստեղծմանն էին միտված Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում պահպանվում են», - ընդգծել է Նաղդալյանը:

«Ինչպես գիտեք, Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, և ճիշտ կլիներ, որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ադրբեջանական կողմը իրականացներ ներքին հետաքննություն ենթադրյալ միջադեպի վերաբերյալ` իրականությունը պարզելու նպատակով», - ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Շեշտելով, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին, Աննա Նաղդալյանը շարունակել է․ - «Հատկանշական է, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ մեխանիզմը մինչ օրս չի ստեղծվել։ Ստեղծված իրավիճակում ընդգծում ենք հրադադարի ամրապնդման, այդ թվում հետաքննող մեխանիզմ ստեղծելու 2016թ․ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը»։

«Ուշագրավ է նաև, որ զինծառայողի սպանության մեջ հայկական կողմին մեղադրող լուրեր Բաքուն տարածում է համանախագահների տարածաշրջանում գտնվելու օրերին։ Սա բանակցային գործընթացը խաթարելու և համանախագահների կողմից նախանշված առաջիկա հանդիպումը ձախողելու փորձ է», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

«Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացում իր դրական ներգրավվածության հանձնառությանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմամբ շարունակելու է ջանքեր ներդնել դրան նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ», - ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության դեպարտամենտի փոխանցմամբ՝ հայտարարել է Աննա Նաղդալյանը:

Տե՛ս նաև այստեղ