Թրամփի վարչակազմի 2020-ի բյուջետային հայտով նախատեսվում է «Ազատություն» ռ/կ-ի երեք ծառայության փակում

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լոգոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2020 թվականի համար ներկայացրած բյուջետային հայտով առաջարկում է կրճատել միջազգային հեռարձակման ծախսերը 22 տոկոսով և նախատեսում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի երեք ծառայությունների փակում: Այս հակիրճ տեղեկատվությունը տեղադրված է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) կայքում։

Համաձայն առաջարկվող փոփոխության`«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բյուջեն 2019 թվականի 124 մլն դոլարից կկրճատվի մինչև 87 միլիոն դոլար 2020-ի համար: Այդ կրճատումը ծախսերի կրճատման լայնածավալ գործողություններ է նախատեսում՝ ներառյալ «Ազատություն» ռադիոկայանի Վրացական, Թաթար-բաշկիրական և Հյուսիսային Կովկասի ծառայությունների փակում։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը նաև կկրճատի իր Բալկանյան ծառայությանը տրամադրվող ծախսերը և այլևս չի շարունակի հեռարձակումները չեռնոգորերեն և մակեդոներեն։