ԵԱՀԿ գործող նախագահը մարտի առաջին կեսին կայցելի Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստան - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հանդիպումը, Մոսկվա, 19-ը փետրվարի, 2019թ․

ԵԱՀԿ-ը նախագահող Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը պլանավորում է մարտի առաջին կեսին այցելել Հայաստան և Ադրբեջան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Այդ մասին նա ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում երեքշաբթի օրը կայացած մամուլի համատեղ ասուլիսում:

Լայչակի խոսքով՝ ընտրություններից հետո Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել, կառավարությունը շատ ուժեղ մանդատ է ստացել, և դրա հետ կապված ինչ-ինչ ակնկալիքներ կան: «Ես ցանկանում եմ, որպեսզի իմ այցելությունը օգնի հստակեցնելու՝ ի՞նչ է հնարավոր ակնկալել և ի՞նչ արդյունքների է հնարավոր հասնել: Մեր նպատակը Մինսկի գործընթացի համանախագահներին օգնելն է, որպեսզի օգտագործվի այդ նոր իրավիճակը», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Միրոսլավ Լայչակն ընդգծել է, որ ամբողջովին աջակցում են Մինսկի խմբի համանախագահներին, և ինքը կանոնավոր հանդիպում է նրանց:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, թե երախտապարտ են ԵԱՀԿ-ի գործող նախագահի դրական տրամադրվածության համար: Լավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահները սերտ կապերով են աշխատում, համանախագահներն արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների հետ, նախապատրաստվում են նոր շփումներ, հաշվի առնելով, որ Հայաստանում բոլորովին վերջերս նոր կառավարություն է ձևավորվել, և անտարակույս լրացուցիչ ժամանակի կարիք կա՝ հասկանալու համար, թե տվյալ փուլում որքան ակտիվ ու խորն է հնարավոր զարգացնել կարգավորման գործընթացը:

Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ-ը կարող է միայն աջակցել երկխոսության պայմանների ստեղծմանը, լուծումը պետք է ընդունվի կողմերի միջև ուղիղ բանակցություններով:

ԵԱՀԿ-ը հիմա նախագահող Սլովակիան խաղաղ, հանգիստ բաժանվել է Չեխիայից 1993 թվականի հունվարի 1-ին, երբ նախկին Չեխոսլովակիան տրոհվեց երկու մասի: