«2008-ի մարտի 2-ի իմ հեռուստաելույթում սպառնալիք չկա». Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը հայտարարում է՝ 2008 թվականի մարտի 2-ի իր հեռուստաելույթում, որը դրված է մեղադրանքի հիմքում, սպառնալիք չկա։

«Տեքստը սկսվում է «սիրելի» խոսքով, պահպանված է կոռեկտությունը, ավարտված է «շնորհակալությամբ»։ Սպառնալիքը երբեք չի կարող ավարտվել շնորհակալությամբ, և ինչպե՞ս կարող է օբյեկտիվ քննություն իրականացնող մարմինն անդրադառնալ ոչ թե բովանդակությանն, այլ կոնտեքստից վերցնի որևէ բառ կամ բառակապակցություն և ենթադրությունների վրա մեղսագրի չկատարված արարքներ», - երեկ տարածած տեսաուղերձում ասում է Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարը, ով 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, նշում է՝ մարտի 2-ին եթեր տրված տեքստը նպատակ ուներ կանխարգելել հնարավոր սադրանքներն արդեն գործառույթ իրականացնող բանակի և ժողովրդի միջև։

«Եթե որևէ մեկը սպառնալիք է տեսնում, բայց չէ՞ որ անցել է տասը տարի, այդ ընթացքում այդ տեքստի մասով ես երբևիցե որևէ իրավական գործընթացով չեմ անցել, ինձ Փաստահավաք խումբը երբեք հարցեր չի տվել, և տեքստի բովանդակությունից տուժածներ չեն եղել, անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել, կներեք, ժարգոնով ասեմ՝ «կեղտ բռնելու» գործընթացին, դա պրիմիտիվ է և ինձ հիշեցնում է Աբու Հասանի մաշիկների հեքիաթը, երբ մեղադրվեցին ի վերջո մաշիկները», - ասում է Օհանյանը՝ նշելով, որ իր համար զավեշտական են տեքստին վերագրվող մեղադրանքները։

«Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ դեմքի որևէ արտահայտությամբ, ժեստիկուլյացիայով որևէ սպառնալիք չեմ արտահայտել, նորից եմ կրկնում՝ տեքստը կազմվել է համապատասխան մասնագետների կողմից, որի մեջ ներառված են իրավաբաններ, բանասերներ, ցենզուրայի մասնագետ։ Այս դեպքում հարց իրավաբաններին՝ այսպիսով ո՞վ է մեղավորը», - եզրափակում է Օհանյանը։

Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Սեյրան Օհանյանին «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: