Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ։
Ըստ Կոմիտեի, նախնական տվյալներով՝ փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մ. Գրիգորյանը մահացել է:
Ըստ հաղորդագրության, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով [Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը] կատարվում է նախաքննություն: Ա.Կ-ն ձերբակալված է:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է Կոմիտեի հաղորդագրությունում: