Դավիթ Տոնոյան․ Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուն

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հայաստանի Հանրապետությունն ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ շաբաթ օրը Ռուսաստանի մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։

Խոսելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին` Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը նվազել է։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կողմերի միջև ստեղծված օպերատիվ կապին, նշելով, որ մինչ այդ Ադրբեջանի հետ Հայաստանի կապը գործում էր միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ շրջանակներում, և որ նոր հաստատված կապը կարող է նպաստել սահմանային լարվածության ու հրադադարի խախտումների ինտենսիվության նվազեցմանը։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, շեշտելով, որ Հայաստանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել հակամարտությունից տուժած բնակավայրերին ու Սիրիայի հայ համայնքին։

2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, մեկ ամիս առաջ ազատվեց այդ պաշտոնից: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում նոր գլխավոր քարտուղար չնշանակվեց, և պետությունների ղեկավարները պայմանավորվեցին հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:

Սեպտեմբերի վերջին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություններ են ձեռք բերել, այդ թվում՝ կողմերի միջև օպերատիվ կապ հաստատելու վերաբերյալ: Հոկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ իր և Ալիևի միջև օպերատիվ կապ է ստեղծվել: