Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու բարեկամ Սիրիայի վերականգնողական աշխատանքներին: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ երկուշաբթի օրը ընդունելով Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամեդ Հաջ Իբրահիմին:
Բաբլոյանը հույս է հայտնել, որ շուտով խաղաղություն, ներքաղաքական կայունություն և հասարակական համերաշխություն կհաստատվի Սիրիայում:
Խորհրդարանի խոսնակը երախտագիտություն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների և միջոցառումների համար:
Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ դեռևս չօգտագործված ներուժ կա տնտեսական ոլորտում: Սիրիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Մոհամեդ Հաջ Իբրահիմը կարևորել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է և մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում:
«Այն, ինչ տեսավ Սիրիայի ժողովուրդն այս տարիներին, նման է այն ամենին, ինչ տեսան հայերն Արևմտյան Հայաստանում», - հայտարարել է սիրիացի դիվանագետը: