Չարաշահումներ Երևանի թիվ 46 ավագ դպրոցում, մեղադրանք է առաջադրվել դպրոցի նախկին տնօրենին. ՔԿ

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Երևանի թիվ 46 ավագ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի նախկին տնօրենին։

Կոմիտեն նշում է, որ մինչդատական վարույթում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի թիվ 46 դպրոցում տարբեր հաստիքների վրա ձևակերպվել են նախկին տնօրենի ընտանիքի անդամները, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով ձևակերպվել են աշխատավարձեր:

«2010-2017 թթ. պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու, պաշտոնեական դիրքի չարաշահելու միջոցով կատարված յուրացումների հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 7 միլիոն 651 հազար 346 դրամ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի. ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) կետով:

Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը՝ գումարը վճարելով Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին։

Նախաքննությունը շարունակվում է։