Մոսկվան Վաշինգտոնին է հանձնել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք գագաթնաժովին ընդունվելիք համատեղ հայտարարության տեքստի նախագիծը, հղում անելով ամերիկյան պետական կառույցներում իր աղբյուրին՝ այսօր գրել է «Կոմերսանտը»:
Երկու էջանոց փաստաթղթում, մասնավորապես գրված է, որ երկու երկրների ղեկավարները կարևորում են առաջին դեմքերի, դիվանագետների, զինվորականների և հատուկ ծառայությունների միջև երկխոսության, տնտեսական կապերի և հումանիտար ոլորտում շփումների կարևորությունը: Փաստաթղթի նախագծում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև համագործակցությունը նշված է որպես տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության և կայունության գործոններից մեկը:
«Կոմերսանտի» աղբյուրը պնդում է, թե Վաշինգտոնը պատրաստ է որպես հայտարարության հիմք ընդունել ռուսների առաջարկած տեքստը, միայն թե ուզում է ավելացնել նաև ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձի մասին Սպիտակ տան մտահոգության մասին կետ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, այս տեղեկությունը չի հերքել՝ նկատելով. ֊ «Այս կոնտեքստում կարող եմ ասել միայն այն, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ»։
«Ռոյթերզ» գործակալությունը գրել է, որ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը ԱՄՆ֊ի և Ռուսաստանի նախագահները քննարկելու են վեց հիմնական թեմաներ, այդ թվում՝ սպառազինության մրցավազքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ուկրաինական և սիրիական ճգնաժամերը։ «Ռոյթերզի» մեկնաբանները գրում են, որ Ղրիմի կարգավիճակի հարցը հանդիպմանը դժվար թե քննարկվի, քանի որ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում հստակ և կոշտ է, իսկ Դոնբասի հետ կապված առաջխաղացումներ կարող են արձանագրվել։
«Բլումբերգ» գործակալությունն իր հերթին պնդում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են Սիրիայից իրանական զորքերին հանելու հարցը և որ Մոսկվան արդեն բանակցություններ է անցկացնում այս հարցով Թեհրանի հետ: Կրեմլը, սակայն, այս տեղեկությունը հերքում է:
Քննարկվելիք հարցերի շարքում է նաև դիվանագետների հարցը, հնարավոր է, որ Թրամփն ու Պուտինը պայմանավորվեն վերականգնել դիվանագետների նախկին քանակը, երբ հայտնի դիվանագիտական սկանդալների հետևանքով ԱՄՆ֊ից արտաքսվեցին ռուսաստանցի դիվանագետները, իսկ Մոսկվան պատասխան քայլի դիմեց՝ արտաքսելով ամերիկացի դիվանագետներին։ Քննարկվելիք թեմաներից մեկն էլ, ըստ «Ռոյթերզ»֊ի, Արևելյան Եվրոպայի հարցն է։ ՆԱՏՕ֊ում մտավախություն կա, որ Պուտինին հաճոյանալու համար Թրամփը կարող է հրաժարվել նոր զորավարժություններից Արևելյան Եվրոպայում։
Մինչև Պուտինի հետ հանդիպելը Թրամփը մասնակցելու է ՆԱՏՕ֊ի բրյուսելյան գագաթնաժողովին, որը մեկնարկելու է հուլիսի 11֊ին և որի հիմնական թեմաներից մեկը Ռուսաստանի ագրեսիան է լինելու։
Ռուսաստանցի և ամերիկացի դիտորդների կարծիքով և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը ցանկանում են շոշափելի առաջխաղացում արձանագրել քննարկվելիք հարցերից գոնե մեկի մասով, ինչը թույլ կտա Թրամփին հայտարարել, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը հաջող էր և երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու իր քայլերն արդարացված են:
Թրամփն ու Պուտինը հանդիպել են երկու անգամ անցած տարի, սակայն երկու անգամն էլ նրանց հանդիպումը անցել է տարբեր միջազգային գագաթնաժողովների շրջանակներում, և առանձին գագաթնաժողով երկու միջուկային գերտերությունների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվում է առաջին անգամ։