ՌԴ-ում կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման մտադրությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել

Արխիվ

Պաշտոնական տվյալների համաձայն, ռուսաստանցի տղամարդկանց շուրջ կեսը չի ապրում մինչև 65 տարեկանը: Այդուամենայնիվ, Ռուսաստանի իշխանությունները որոշել են բարձրացնել կենսաթոշակի անցնելու տարիքային շեմը․ տղամարդկանց համար 5 տարով (հասցնելով 65-ի), կանաց համար՝ 8 տարով (հասցնելով 63-ի):

Նոր շեմը սահմանվում է աշխատողների համար, իսկ նրանք, ովքեր պաշտոնապես չեն աշխատել, կենսաթոշակ կստանան 70 տարեկանից սկսած: Կառավարության այս մտադրությունը դեռ նախագծի փուլում է, փաստաթուղթը հունիսի 16-ին ներկայացվել է Պետդումա, արդեն իսկ հասցնելով բողոքի լուրջ ալիք բարձրացնել ռուսաստանցիների շրջանում: Առավել ակտիվ են բողոքում երկրի հեռավոր շրջաններում, որոշ քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:

Կայքերից մեկում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ այս նախագծի, հաշված օրերում արդեն իսկ ավելի քան 1 միլիոն ստորագրություն է հավաքվել: Կազմակերպիչներից մեկը՝ ՌԴ արհմիությունների ղեկավար Բորիս Կրավչենկոն ասում է, որ սա կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման դեմ պայքարի միայն առաջին փուլն է, և առաջիկայում իենք մտադիր են «նախագծի տապալմանը» միտված առավել լուրջ պայքար ծավալել:

Փորձագետներն արձանագրում են, որ Ռուսաստանի իշխանությունները հարկադրված են գնում այս քայլին, քանի որ տնտեսության վիճակը վատթարացել է, և դրանում, մասնավորապես, զգալի դեր են ունեցել արևմտյան պատժամիջոցները: Պետության համար օրեցոր բարդանում է սոցիալական պարտավորությունների կատարումը նաև Սիրայում և Ուկրաինայում ընթացող պատերազմների պատճառով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս 2005 թվականին հայտարարել էր՝ քանի դեռ ինքը երկրի նախագահն է, կենսաթշակի տարիքային շեմը չի բարձրացվելու: «Ստացվում է, որ նա ստել է»,- գրում են ռուսաստանյան կայքերի օգտատերերը: Պուտինի մամլո ծառայությունը պարզաբանել է, թե նախագահն այդ նախագծով չի զբաղվում, և դա կառավարության լիազորությունների շրջանակում է: