Գրիգորյանը մտադիր է ռուս գործընկերներին փոխանցել Հայաստանի մտահոգությունը Ադրբեջանին զենքի մատակարարման շուրջ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը

Շուրջ տասն օր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Արմեն Գրիգորյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրում «Ազատությանն» ասաց, որ պատրաստվում է ռուսաստանյան կողմի առաջ բարձրացնել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները:

Իր առաջին արտերկրյա այցով չորս օր առաջ Աստանայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստի շրջանակներում Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Այդուհանդերձ, այս անգամ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը հայկական կողմից չի բարձրացվել․ - «Հիմնականում քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունները, հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող լավ կողմերը և այդ լավ կողմերը զարգացնելու ուղիները»:

Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանին ռուսաստանյան արտադրության զենքի մատակարարման շուրջ հարց չի բարձրացրել․ - «Պատրաստվում եմ բարձրացնել: Քանի որ առաջին առաջին այցն էր, հիմնականում խոսում էինք գոյություն ունեցող խնդիրների մասին: Ավելի շատ ճանաչողական այց էր և՛ ինձ համար, և՛ նրանց համար»:

Գրիգորյանը, ով տարիներ շարունակ, որպես քաղաքագետ ռուսական կողմի ու նրա նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ-ի սուր քննադատներից էր, այսօր «Ազատությանն» ասաց, որ Ղազախստանում իր նկատմամբ տարբերակված վերաբերմունքի չի արժանացել․ - «Անկեղծ ասած՝ գնալիս ես էլ եմ նման մտահոգություն ունեցել, բայց այցս շատ դրական եմ ընկալել, նաև ջերմություն եմ զգացել այդ քաղաքական գործիչների կողմից՝ երևի երիտասարդ լինելու կամ այլ բաներով պայմանավորված»:

Աստանայում իր ելույթով Գրիգորյանը վերահաստատել էր Հայաստանի աջակցությունը Սիրիայում Ռուսաստանի գործողություններին: Անդրադարձ էր կատարվել նաև տարածաշրջանային այլ խնդիրների ու մարտահրավերների, սակայն ոչ ղարաբաղյան հարցին ու Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին:

Հարցին, թե ինչու՞ է այս հարցը դուրս մնացել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ելույթից, Գրիգորյանն արձագանքեց․ - «Պաշտպանության հարցերով ավելի շատ խոսել է պարոն [Պաշտպանության նախարար Դավիթ] Տոնոյանը»:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից մեկը հանդիսացող Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց մայիսի 17-ին: