Վարչապետը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների է նշանակել

Դավիթ Սանասարյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշումներ է ստորագրել Դավիթ Սանասարյանին` պետական վերահսկողական ծառայության պետ, Վահագն Մելիքյանին` արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, Հովհաննես Հովհաննիսյանին և Արևիկ Անափիոսյանին՝ կրթության և գիտության նախարարի տեղակալներ նշանակելու մասին:

Վարչապետի նույն օրը ստորագրած այլ որոշումներով՝ Սամվել Ավետիքյանը ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալի, Վախթանգ Միրումյանը և Արմեն Սաքապետոյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալի, Արտակ Սահակյանը՝ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի, Մուշեղ Ղազարյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոններից: Բոլոր այս պաշտոնյաները, բացի ՊԵԿ աշխատակազմի ղեկավարից, աշխատանքից ազատվել են սեփական դիմումների համաձայն:

Որոշումները Հայաստանի կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում հրապարակվել են այսօր: