Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տալիս ՇՊՀ խորհրդի նախագահի պաշտոնից

Ֆելիքս Ցոլակյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ հրաժարական է տալիս բուհի խորհրդի նախագահի պաշտոնից:

«Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով՝ համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես», - Ֆեյսբուքում գրել է Ցոլակյանը:

Հիշեցնենք, Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, հանրապետական Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են: Մինասյանը, սակայն, հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և դա կանի միայն հիմնավոր փաստարկների առկայության պարագայում: