Մշնախի կառույցի ղեկավարը դեմ է նախարարի և Գուգարաց թեմի մոտեցմանը, խնդրով նաև իրավապահներն են զբաղվում

Հատված Հովհան Օձնեցու դամբարանի նախասրահից

Հայաստանի 24 հազար գրանցված եկեղեցիների ու հուշարձանների պահպանության, ամրակայման և նորոգման համար պետբյուջեից տարեկան շուրջ 250 միլիոն դրամ է հատկացվում, մինչդեռ դրանցից շատերը դեռևս գտնվում են անմխիթար վիճակում: Վանաձորցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ այս մասին օրերս ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Պետության տրամադրած գումարները շատ քիչ են գոնե գրանցված հուշարձանների ամբողջական պահպանության համար: Եվ եթե չլինեին մասնավոր բարերարների ներդրումներն այդ դաշտում, մենք, հավատացեք՝ 50 տոկոսով ավելի քիչ գործ կանեինք»,- ասել էր նախարարը:

Մշակույթի նախարարության կողմից հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունն «Ազատությանը» տված հարցազրույցում օրերս քննադատել էր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, նշելով, որ խորհրդային տարիներին որպես պահեստներ ծառայած եկեղեցիներն ու վանքերն այսօր մշակույթի նախարարության տնօրինության տակ են, մինչդեռ նախարարությունը ոչինչ չի անում դրանք պահպանելու համար։

Այդ քննադատությունը հնչել էր այն բանից հետո, երբ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետը դիմել էր դատախազություն՝ բողոքելով, որ Արդվու Հովհան Օձնեցու դամբարանի զանգակատան շինարարությունն ապօրինի է։ Գործակալության պետ Արմեն Աբրոյանը երեկ հակադարձել է Գուգարաց թեմի առաջնորդի քննադատությանը, նշելով․ «Գործակալությունը հնարավորինս օժանդակել է հուշարձանների վերականգնման գործին, որպեսզի դրանք կատարվեն ի նպաստ պատմամշակութային ժառանգության պահպանությանը, գիտական խնդիրներին և ճանաչողության բարձրացմանը»:

Մշակույթի նախարարության պաշտոնյան ևս մեկ անգամ պնդել է, որ Արդվու հուշարձանը ոչ թե վերականգնվում, այլ քանդվում է։ «Բարեգործությունն այն չէ, որ միայն ենթադրում է 42 հազար դոլլար, այլ այն, թե ինչի համար է ծախսվում այդ գումարը», ասել է հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ու հավելել՝ հեղինակը «մասնագիտական պարզունակ հնարամտությունների միջոցով» թերի շինարարական նախագիծ է ներկայացրել, աղավաղվել և կեղծվել են պատմամշակութային տվյալները։

Նշենք, որ Օձնեցու 17-րդ դարում կառուցված դամբարանի վրա 19-րդ դարի սկզբին կառուցված զանգակատունը, որն ըստ հոգևորականների և շինարարությունն իրականացնող մասնագետների, փլուզման եզրին էր, այսօր վերակառուցվում է։ Շինարարական նախագծին հավանություն տված մշակույթի նախարարը, գիտամեթոդական խորհրդի անդամների մեծամասնությունը, նախաձեռնությունը համարում են հուշարձանի վերականգնում, մինչդեռ նախարարության մաս կազմող գործակալության պետն ի սկզբանե դեմ է եղել այդ նախագծին, որի համաձայն՝ ամբողջ զանգակատունը քանդվելու է։ Օձունի հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանն «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, որ առանց քանդելու անհնար է զանգակատունը վերականգնել։

«Հավանաբար մաքսիմում 5-10 տարի հետ ինքնուրույն կքնադվեր: Զանգակատունն ինքը բավականին թեքված էր, ճաքած էր, անհնար էր առանց քանդման ամրակայել: Այսինքն՝ քանդել են, բայց բոլոր էն հին սյուների մասերը, որոնք լավ վիճակում են, ամբողջությամբ օգտագործվելու է»,- ասել էր Վրթանես քահանա Բաղալյանը:

Երկու օր առաջ Վանաձոր այցելած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերականգնող-ճարտարապետի հեղինակած նախագծի հիման վրա մոտ մեկ ամիս առաջ շինարարության թույլտվություն է տվել, «Ազատության» հետ զրույցում նորմալ համարեց նույն նախարարության տարբեր պաշտոնյաների միջև առկա անհամաձայնությունը:

«Այո, փոխնախարարը թույլտվությունը տվել է, իսկ պատասխանատու գործակալությունը կարծում է, որ այն նախագիծը, որով իրականացվում է շինարարությունը, այնքան էլ հարիր չէ այդ հուշարձանի պահպանության համար, կա որոշակի հակասություն: Ես կարծում եմ՝ ճիշտ է, որ թույլտվությունը տրվել է, որովհետև հատկապես այստեղ մասնավոր ներդրում է, և մասնավոր ներդրումով հուշարձանը փրկվում է կործանումից: Կարծում եմ՝ ճիշտ է թույլտվությունը: Իսկ մասնագիտական անհամաձայնությունները կարող են քննարկվել տարբեր հարթակներում»,- «Ազատությանն» ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ Արմեն Աբրոյանի կողմից դատախազություն ուղարկված դիմումի համաձայն, արդեն քրեական գործ է հարուցվել, թեև հուշարձանի շինարարությունը շարունակվում է։ Նշենք նաև, որ դատախազությունը ևս մեկ քրեական գործ է հարուցել 2014-2016 թթ. ընթացքում հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների ընթացքում կատարված՝ 67 միլիոն դրամի չարաշահումների փաստով։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս մասին հետևյալն ասաց. «Պարզվեց, որ շինարարները, որոնք մասնակցել են այդ շինարարություններին, ամրակայման աշխատանքներին, 67 միլիոն դրամի չարաշահումներ են թույլ տվել: Այդ գործը մենք ֆինանսների նախարարության հետ միասին ուղարկել ենք դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն և քննեն՝ ովքեր են մեղավոր և պատժվեն մեղավորները»: