Գյուղի դպրոցի 40 տարվա ուսուցիչ Սերյոժա Պետրոսյանը խնամքով ուղղում է փողկապն ու ասում՝ անհասկանալի է, թե բազմաթիվ խնդիրներ ունեցող և ռեսուրսներ չունեցող գյուղում ինչու է 4 թեկնածու առաջադրվել․ - «72 ռուբլի աշխատավարձ ա ստանում գյուղապետը․․․ Մարդիկ երևի ուզում են հիշվեն որպես գյուղապետ, դրա համար են գլուխ ջարդելով ուզում բոլորը դառնան»:
Դեբեդցիների համար, մինդեռ, դժվար չի լինի կողմնորոշվել ընտրության հարցում։ Կարևորը, Պետրոսյանի խոսքով՝ չնեղացնեն ազգակցին, հարևանին կամ ընկերոջը․ - «Սա ընտրություն չի, սա հարևանը հարևանից նեղացնել ա: Ընկերը ընկերոջից ա նեղանում, բարեկամը՝ բարեկամից»:
Դեբեդում քարոզարշավի վերջին օրն անգամ ընտրությունների մասին հիշեցնող ոչինչ չկա. պաստառներ չեն փակցվել, նախընտրական շտաբներ չեն բացվել։ Գյուղացիների համար արտասովորը միայն ոստիկանական մեքենան է, որ արդեն 4 օր կանգնած է գյուղամիջում։
4 թեկնածուներից 3-ը հասակակից երիտասարդներ են՝ 27-31 տարեկան։ Տեսնելիս միմյանց ողջագուրվում են անգամ նախընտրական շրջանում, բոլորն էլ փաստում, թե ընկերներ են։
«Մի գյուղի ժըղովուրդ ենք, գյուղում ո՞նց մրցակից կըլի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:
Թեկնածուներից 3-ը կուսակցականներ են՝ Հանրապետականի, Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստանի» անդամներ, թեև ինքնաառաջադրվել են։
Հանրապետականի անդամ Կամո Պետրոսյանը տարբեր ժամանակներում 3 անգամ գյուղապետ է եղել։ Արդեն 4-րդ անգամ է որոշել պայքարի մեջ մտնել։ Մեր այցելության պահին գյուղում չէր, հրաժարվեց «Ազատության» հարցերին հեռախոսով պատասխանել։
Մինչդեռ գործող գյուղապետն այս անգամ որոշել է չառաջադրվել։ Հեռախոսով ասաց՝ վեց ամսից գյուղը համայնքների խոշորացման ծրագրով կմիանա հարևան Դսեղին։
«Անիմաստ եմ համարում վեց ամսվա համար պայքարի մեջ մտնել», - ասաց Արարատ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է երիտասարդ թեկնածուներին, բոլորն էլ հաստատակամ են. ուզում են համայնքի ղեկավար դառնալ։
31-ամյա Աշոտ Ղազարյանն արդեն 6 տարի ավագանու անդամ է․ - «Ես ունեմ ծրագրեր, որոնք ավագանի եղած ժամանակ առաջարկել եմ, ինչև որ չի ստացվել, կամ թերի ա ստացվել: Ես ցանկություն ունեմ էդ ծրագրերը իրականացնեմ»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 29-ամյա անդամ Յուրիկ Նազլուխանյանն անասնապահ է։ Ասում է՝ հանուն ԲՀԿ-ի ձայներ կստանա:
Գյուղի մշակույթի կենտրոնի 6 տարվա տնօրեն, 27-ամյա Արայիկ Սարգսյանն էլ ասում է՝ քարոզարշավ չի տարել․ - «Ես ուրիշ տեղից էկած պատգամավորի թեկնածու չեմ, որ ինձ նոր ճանաչեն: Չորսս էլ էս գյուղի բնակիչ ենք, ստե ծնվել, ստե ապրում ենք»:
Մինչդեռ դեբեդցիներից շատերն անտարբեր են ընտրությունների նկատմամբ՝ լինի համապետական թե տեղական։ Չնայած գյուղում մեծ հեռանկարներով Սմարթ կենտրոն է կառուցվել ու շուտով կսկսի գործել, բայց դեռ հավատ չունեն, թե դատարկվող գյուղում կյանքը կփոխվի։
«Ով էլ ըլնի-չընլի, նույն ձևի գնալ տի էս գյուղը, ոչ մի բան չի փոխվելու», - ասաց գյուղացիներից մեկը: