Լոռու մարզի Արևածագ գյուղում արդեն 10 տարի երկու թիմերի միջև թշնամանքը չի մարում։ 2008 թվականից ի վեր համայնքը ղեկավարելու համար իրար դեմ են դուրս եկել Արթուր Հովհաննիսյանն ու Սամվել Սարգսյանը։ Չորս տարին մեկ հերթով միմյանց են հանձնել գյուղի կառավարումը, մինչև որ անցած տարեվերջին Արևածագը միացվել է Օձունին և 2016-ին ընտրված Արթուր Հովհաննիսյանը դարձել սահմանափակ լիազորություններով վարչական ղեկավար։
Միևնույնն է՝ Արևածագում կրքերը չեն հանդարտվում։ Անգամ հարկերի վճարման ցուցակներում հակառակորդ թիմի կողմնակիցների անունները բացակայում են։ Ավելին, 800 բնակիչ ունեցող գյուղում հակադիր բանակում հայտնվածները նույն թաղման արարողությանը երբեք ներկա չեն լինում, ասում է գյուղի պաշտոնաթող հաշվապահ Ռուզաննա Հարությունյանը․ - «Մեր Սամվել Սարգսյանի մտերիմներից էր էդ մահացող մարդը, ու թաղման ժամանակ, որ ասեմ նրա կողմնակիցներից համարյա մարդ չկար՝ հավատացեք»։
Գյուղում հակառակորդների մեծ բանակ ունեցող վարչական ղեկավար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Անցած ամիս հայտնի դարձավ, որ նա կասկածվում է տեղական բյուջեի միջոցները յուրացնելու մեջ։ Ըստ քրեական գործի, Հովհաննիսյանը համայնքապետ եղած ժամանակ գյուղի բնակիչներից մեկին աշխատանքի է ընդունել որպես իր օգնական, աշխատավարձ սահմանել և մեկ տարի շարունակ ստացել այդ գումարը։ Իրավապահներն այժմ պարզում են՝ արդյո՞ք ներկայիս վարչական ղեկավարը յուրացրել է մոտ մեկ միլիոն դրամը:
«Ինձ էլ են հարցաքննել», - ասում է համայնքի ավագանու անդամ Նվեր Վարդանյանը: Պատմում է՝ համագյուղացի Ալիկ Անտոնյանին գյուղապետի օգնական նշանակելու մասին որոշումը տեսել է մարզպետարանի կայքում։ Գյուղապետին հարցուփորձ է արել ու պատասխան ստացել, թե երիտասարդին ընդամենը հիպոթեքային վարկ ստանալու հնարավորություն է ընձեռել։ - «Ես նիստի վախտ ասի՝ բա էդ ոնց ա, ասավ՝ բա հիպոթեքային վարկ ա րեխեն վեր կալել, որ ինչա Երևանում ուզում ա տներ առնի։ 3 ամսով, ասավ, հրամանագրել եմ, ասի՝ դե որ թենց ա, թենց էլ կանենք։ Ես էլ չեմ իմացել, որ դա 1 տարի 2 ամիս ա, թե մի տարուց ավել ա, իրան ըշխատանքում պհել ա»։
Համայնքի միջոցները յուրացնելու մեջ կասկածվող Արթուր Հովհաննիսյանը Արևածագի վարչական շենքում չէր։
Փոխարենը այստեղ էր համայնքի տեխնիկական աշխատող Ռիմա Սարգսյանը․
- Դուք հիմա ինչ եք աշխատո՞ւմ։
- Տեխնիկական աշխատող եմ։
- Մեր լեզվով ասա՞ծ։
- Հավաքարար։
Ռիմա Սարգսյանն առանց վարանելու ասաց՝ տեղյակ է քրեական գործից ու գյուղում առկա թշնամական մթնոլորտից։ Պնդեց՝ քրեական գործը հակառակ բարիկադներից է՝ թշնամիների ձեռքի գործը: - «Էս ամենը կապված ա ընտրությունների հետ, նրանք զրպարտում են», - ասաց նա:
Վարչական ղեկավարի թիմակիցը նշում է՝ գյուղապետի օգնական Ալիկ Անտոնյանը որպես գյուղապետի օգնական կարևոր գործեր է արել՝ անվտանգություն ապահովել, փողոցների լուսավորության հարցերով զբաղվել, տոնածառ տեղադրել, անգամ մասնակցել ավագանու նիստերին ու գյուղի ժողովներին։- «Ճիշտ ա հաճախակի ա բացակայել կնոջ հղիության պատճառով, ոնց որ կինը շատ դժվար հղիություն ա տարել, բայց առանց թույլտվության նա երբեք չի գնացել։ Գնացած դեպքում էլ նրա գործը երբեք չի տուժել», - վստահեցրեց տեխնիկական աշխատողը:
Մինչդեռ ավագանու անդամ Նվեր Վարդանյանը հակադարձում է՝ գյուղապետի օգնական նշանակված Ալիկ Անտոնյանին երբեք գյուղում աշխատանքներ կատարելիս չի տեսել, ավելին, ավագանու որևէ նիստի նա ներկա չի եղել․
- Դուք Ալիկին չե՞ք տեսել։
- Ալիկ, բալիկ չեմ տեհել։ Ես չե՛մ տեհել դրան, վայ։
- Դուք վստահ ասում եք, պնդում եք, որպես ավագանու անդամ...
- Ոչ թե պնդում եմ, տրամբովկա եմ անում, ասել քավթառներին՝ տրամբովկա եմ անում՝ մեր գեղապետարանումն ու գեղումը նա ոչ մի բան չի արել։
Օրվա երկրորդ կեսին Արևածագի վարչական շենքում դարձյալ աշխատակիցներից որևէ մեկը չկար, այդ թվում ղեկավարը։ Այս անգամ էլ շենքի պատասխանատվությունը կրում էր մեկ այլ հավաքարար, ով կես տարի առաջ աշխատանքի է ընդունվել համագյուղացու՝ 59-ամյա Անժելա Գևորգյանի փոխարեն։ Վերջինս ասում է՝ աշխատանքից ազատվել է վարչական ղեկավար դարձած գյուղապետի՝ Արթուր Հովհաննիսյանի պահանջով, ով ընտրվելուց հետո հաշվեհարդար է տեսել գյուղապետարանի բոլոր աշխատակիցների նկատմամբ և ազատել աշխատանքից․ - «Փաստորեն տեղս նեղելով, տեղս նեղելով, ասավ՝ դիմում գրի ու աշխատանքից դուրս արի»:
Արթուր Հովհաննիսյանին իր թշնամին է համարում գյուղապետարանի արդեն նախկին հաշվապահ Ռուզաննա Հարությունյանը, ով բազմաթիվ անհետևանք նամակներ է ուղարկել Կառավարություն՝ պնդելով, իր ղեկավար Արթուր Հովհաննիսյանը գյուղապետ դառնալուց հետո հարկադրել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, քանի որ ընտրություններին իրեն չի սատարել․ - «Ես որ աշխատանքից դուրս եմ եկել, ասել եմ՝ Հովհաննիսյան, եթե ինձ հետ որևէ վատ բան պատահի, ես կհամարեմ, որ գյուղում իմ համար մեկ թշնամին դու ես, ուրեմն՝ դու ես արել։ Էդ բանը ես իրան դուրս գալիս ասել եմ»:
Գյուղի անցուդարձին քաջ ծանոթ հավաքարար Ռիմա Սարգսյանը պնդում է՝ աշխատանքից ազատելու պատճառները խորն էին, հաշվապահն ու նրա գործընկերները խախտումներով էին աշխատում։ - «Բայց ո՞ր ղեկավարն ա գալիս հնի հետ աշխատում։ Ինքը ում վստահում ա, նրան ա աշխատանքի վերցնում։ Բոլորն էլ, յուրաքանչյուր ղեկավար միշտ էլ իրա կազմը միշտ էլ փոխում ա», - հայտարարեց նա՝ հավելելով․ ֊ «Թող էդ բաները չասեն, լռեն՝ քանի դեռ ես բերանս չեմ բացել»: