Լոռու մարզի ակտիվիստներից 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով 5 մարդ է դատապարտվել։
Հայ ազգային կոնգրեսի Լոռու մարզի պատասխանատու Աշոտ Մանուկյանը նրանցից մեկն է, ով մարտի 1-ին նախորդող բոլոր հանրահավաքներին ու նստացույցերին մասնակցել է, օրերով գիշերել Ազատության հրապարակում։
Մարտի 1-ի գիշերը ձերբակալվել է ու ոստիկանին միջին աստիճանի, առողջության համար վտանգավոր վնասվածք հասցնելու մեղադրանքով դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ 10 տարի անց էլ Մանուկյանը համոզված է, որ ողջ դատական գործընթացը շինծու էր՝ իրեն ու իր կուսակիցներին պատժելու համար։
«Երիտասարդ դատավոր էր, ինչ-որ տեղ մեղքս գալիս էր։ Կուչուհուպ գալով, ամաչելով, աչքերիս մեջ չէր կարողանում նայել, մի տեսակ մեղավոր տեսքով, բայց որպեսզի իրա տաքուկ անկյունը չկորցնի, որպեսզի էդ իրա պաշտոնը չկորցնի, մարդը հանձնարարությունը սրբորեն կատարեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աշոտ Մանուկյանը։
ՀԱԿ-ի Լոռու մարզի պատասխանատուի գործով դատաքննության ժամանակ, նրա դեմ ցուցմունք տված բոլոր վկաները ոստիկաններ են եղել։ Նրանցից մեկը, ով դատաքննության ընթացքում դարձել է առանցքային վկա, ասել է, որ անձամբ, մոտ 15 մետր հեռավորության վրա տեսել է՝ ինչպես է 60-ամյա տղամարդը քար նետել իր գործընկերոջ վրա։
«Հետո դատավորը հարցրեց՝ «բա դու ո՞նց ես համոզված, որ էդքան վստահ ասում ես, որ խփեց քարով», ասում է՝ «դե, որ կողքինիս քարով խփեցին, շրջվեցի, տեսա՝ բոլորի ձեռքին քար կար, բացի իրա ձեռքից, ուրեմն ես որոշեցի, որ ինքն է քարը նետել»։ Ակնհայտ երևում էր, որ լրիվ սարքված է, շոու է, նախօրոք վճիռները պատրաստ, գիտեին, թե ում, ինչքան են դատապարտելու», - ասաց Մանուկյանը։
Պատժաչափի կեսը բանտում անցկացնելուց հետո Մանուկյանն ազատ է արձակվել, նրա համոզմամբ, ընդդիմության և միջազգային կառույցների երկարատև ճշնումների արդյունքում իշխանությունն այլ ելք չուներ։
«Ի վերջո իշխանություններն զգացին, որ էդ կալանավորվածներին հետագայում պահելն իրենց համար ավելի վատ հետևանքներ կունենա, քան ազատելը, ու ստիպված ազատեցին», - պատմեց ակտիվիստը։
Աշոտ Մանուկյանի գործը գտնվում է Եվրոպական դատարանում։ Նա համոզված է, որ մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով, անգամ խոշտանգումներով ուղեկցված գործում, պետությունը պարտվող դուրս կգա։
Մանուկյանի վանաձորցի կուսակիցը՝ Արշավիր Ղուկասյանը, 2008 թվականին պաշտոն էր զբաղեցնում Լոռու մարզպետարանում՝ Քարտուղարություն բաժնի պետն էր, բայց չի թաքցրել իր քաղաքական դիրքորոշումն ու իր հասանելիք արձակուրդի հաշվին մասնակցել հանրահավաքներին, ընտրություններում հանդես եկել որպես նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ։ «Մարտի 1»-ի իրադարձություններից հետո, սակայն, երբ վերադարձել է աշխատանքի, գործընկերներն արդեն ուրիշ աչքով են նայել նրան։
«Բավականին տհաճ էր ինձ համար գործի գնալը։ Հատկապես առաջին դեմքերի մակարդակով թշնամական վերաբերմունք էր ձևավորվել էդ ընթացքում, որ ես եղել էի վստահված անձ։ Բացի էդ, ես իմացա, որ նախապատրաստվում էր ազատման հրամանը, բայց, եթե չլներ էլ էդ հրամանը, միևնույնն է, ես իմ մեջ որոշում էի կայացրել և դիմում գրեցի, դուրս եկա։ Ու ճիշտն ասած, դիմում գրելուց ու դուրս գալուց հետո մի տեսակ թեթևություն զգացի, որ ինքս այլևս իշխանության մաս չեմ կազմելու, որովհետև էդ ձևով ձևավորված, էդ ձևով պահպանված իշխանության մաս այլևս ես չէի ուզում կազմել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղուկասյանը։
Նրա ենթակայությամբ աշխատող ևս մեկ վանաձորցի՝ Արմեն Հովհաննիսյանը, ով նույնպես իր արձակուրդի օրերին հանդես էր եկել որպես վստահված անձ ու նաև մասնակցել հետընտրական իրադարձություններին, ազատվեց աշխատանքից։ Մարզային իշխանություններն ազատման հրամանի մեջ վկայակոչել էին օրենսդրությունը, որով քաղծառայողներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ, բայց Հովհաննիսյանն անգամ դատարանի միջոցով չկարողացավ համոզել, որ օրենքի այդ սահմանափակումը միայն աշխատանքային ժամերին է վերաբերում։
Արմեն Հովհաննիսյանը տարիներ շարունակ Հայաստանում այլևս գործ չգտնելով Ռուսաստան է մեկնել՝ արտագնա աշխատանքի, իսկ նրա իրավունքների խախտումների մասին պնդումները՝ Եվրոպական դատարանում են։
ՀԱԿ-ի Լոռու մարզի պատասխանատու Աշոտ Մանուկյանն ասում է, որ «Մարտի 1»-ի իրադարձությունների հետևանքով քաղաքական հետապնդումների ենթարկված հարյուրավոր լոռեցիներ այսօր աշխատանքի տեղավորվելու խնդիր ունեն, նրանցից շատերն ստիպված Հայաստանից դուրս են, բայց չեն փոխել իրենց քաղաքական հայացքները։
«Սենց ասեմ՝ հակառակ բանակն անցած, դավաճանած ոչ մեկը չունենք», - ասաց Մանուկյանը։
«Մարտի 1-ի» գործով բանտերում տարիներ անցկացրած լոռեցի քաղաքական գործիչները սպասում են ոչ միայն Եվրոպական դատարանի որոշումներին, այլև տասը տարի առաջ տեղի ունեցածի լիարժեք բացահայտմանը։
ՀԱԿ-ի տեղի պատասխանատուն վստահ է, մինչդեռ, գործը տեղում կդոփի, քանի դեռ իրական մեղավորներն իշխանություն ունեն։ «Դա վաղեմության ժամկետ չունեցող խնդիր է, և Ռոբերտ Քոչարյանը, նաև Սերժ Սարգսյանը էն ժամանակվա մեր պաշտպանության նախարարը, շտաբի պետը, Ազգային անվտանգության պետը, բոլորը պատասխան են տալու։ Ո՞նց կարելի է խաղաղ ցույցի դուրս եկած սեփական ժողովրդին գնդակահարել։ Դա աններելի բան է։ Եթե դա չպատժվեց, նախ խարան կմնա մեր ժողովրդի ու իշխանությունների ճակատին, և դա շատ վատ հետագա հետևանքներ կբերի», - ասաց Մանուկյանը։