Լեհաստանի նախագահը կստորագրի «Հոլոքոսթի մասին օրենքը»՝ չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի բողոքներին

Լեհաստան - Վիճահարույց օրենքը ստորագրելու՝ նախագահին ուղղված կոչով հանրահավաք Վարշավայում, 5-ը փետրվարի, 2018թ․

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ կստորագրի վիճահարույց օրենքը՝ չնայած Իսրայելի և Միացյալ Նահանգների բողոքներին:

Անցած շաբաթ Սենատի հավանությանն արժանացած օրինագիծը, որը երբեմն անվանում են նաև «Հոլոքոսթի մասին օրենք», մինչև երեք տարի ազատազրկում է նախատեսում «լեհական մահվան ճամբարներ» արտահայտության և «փաստերին հակասող» հրապարակային պնդումների համար, թե լեհ ազգը կամ պետությունը մասնակից են եղել Գերմանիայի նացիստական հանցագործություններին:

Լեհաստանի աջակողմյան կառավարությունը, որը ներկայացնում է «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, հայտարարում է, որ օրենքն ուղղված է լեհերի հեղինակությունը պաշտպանելուն՝ որպես նացիստական ագրեսիայի զոհերի:

Իսրայելը կարծում է, որ օրենքը արգելելու է ասել ճշմարտությունը այն դերակատարության մասին, որ որոշ լեհեր ունեցել են նացիստական հանցագործություններում: