Թումանյան համայնքում սողանքը լուրջ վտանգներ է առաջացրել

Արխիվ

Լոռու մարզի Թումանյան համայնքի մոտ 2 հեկտար մակերեսով տարածքում ակտիվացած սողանքը վտանգավոր է ոչ միայն երկաթգծի և Ալավերդի-Վանաձոր վերակառուցվող ճանապարհի, այլև թումանյանցի առնվազն երեք ընտանիքների համար։ Անցած շաբաթ ձորալանջի մի մեծ հատված փլուզվել է ու վտանգներ առաջացրել։

Այսօր սողանքի գոտին ուսումնասիրելու համար Թումանյան էին այցելել Արտակարգ իրավիճակների նախարարը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, բազմաթիվ երկրաբաններ, փրկարարներ ու շինարարներ։ Տեղի բնակիչներն ասում են՝ դեռ 20 օր առաջ են գետնի վրա ճաքեր ու բացվածքներ նկատել։ Իրենց աչքի առաջ դրանք օր-օրի ավելանում և ընդարձակվում են։

Տեղանքում շրջող արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը բնակիչներին հորդորում էր հեռանալ տներից: «Այսօր ևեթ երեխաներին տեղափոխելու ենք»,-ասում էին վտանգի գոտում հայտնված մարդիկ: «Հարավկովկասյան երկաթուղու» մասնագետները ևս տեղում էին, չափումներ էին անում, փաստեցին՝ իրենց նշումները ևս ցույց տալիս, որ ճաքերը լայնանում են։

Երկաթուղու գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Հակոբյանն «Ազատությանն» ասաց՝ ամենօրյա հսկողություն են սահմանել երկաթուղու աշխատանքը չդադարեցնելու և երկաթգիծը հնարավոր վտանգներից պաշտպանելու համար: Նա հավելեց՝ եթե հողի զանգվածը շարունակի սահել, «մեծ պրոբլեմներ կունենանք»:

Այսօր տեղում աշխատող երկրաբաններն արձանագրել էին հողի մինչև 70 սմ լայնությամբ պատռվածքներ ու մինչև 2 մետր խորությամբ ճեղքեր։ Թռչող սարքերով նկարահանում էին տեղանքը։ Վերջնական ուսումնասիրությունից հետո միայն հստակ կլինի սողանքի առաջացման պատճառն ու վտանգի աստիճանը։ Մինչ այդ՝ նախարար Դավիթ Տոնոյանը շրջայցից հետո հրապարակեց իր նախնական եզրակացությունը․ «Հիմնական պատճառը ջրի վերահսկելի և անվերահսկելի հոսքերն են»։

Ըստ նախարարի՝ վերահսկելի ջրերը Թումանյան համայնքը սնող ջրագիծն էր, որ երեկվանից փակել են, բայց վտանգը միայն 50 տոկոսով է կանխվել։ Տարածքով նաև բնական աղբյուրներ են հոսում։ «Ռիսկը նվազեցված է, բայց չեզոքացված չէ»։