Ռուսաստանի ԱԳ նախարարին ընդունել է Հայաստանի նախագահը

Լուսանկարը՝ նախագահականի

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից:

«Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետև այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ», - ասել է նախագահը՝ կարևորելով ակտիվ փոխայցելությունները, որոնց շրջանակներում միայն վերջին մի քանի ամիսներին Հայաստան են այցելել Ռուսաստանի կառավարության նախագահը, արդյունաբերության, կրթության, առողջապահության նախարարները, այս օրերին կայանում է արտգործնախարարի այցը:

Սերժ Սարգսյանը նշել է նաև համատեղ անցկացված բազմաթիվ միջոցառումները՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը, ամսվա սկզբին անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի հոբելյանական 30-րդ նիստը:

Նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են, նախագահն ընդգծել է, որ այսուհետ ևս պետք է շարունակել աշխատանքը միջպետական հարաբերությունների զարգացման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ:

Սերգեյ Լավրովը Սերժ Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները, ում հետ Հայաստանի նախագահն օրերս պաշտոնապես բացեց «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը»՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով:

Լավրովը ներկայացրել է Հայաստան պաշտոնական այցի շրջանակում գործընկերոջ հետ հանդիպման և քննարկումների արդյունքները:

«Ձեզ հետ միասին այսօր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը մասնակցելուց բացի, մենք Էդվարդ Նալբանդյանի հետ շատ մանրամասն բանակցություններ ենք վարել, ելույթ ենք ունեցել զանգվածային լրատվության միջոցների առջև, դիտարկել ենք մեր դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության բոլոր ոլորտները, ինչի մասին Դուք բավականին հանգամանալից նշեցիք: Չեմ կրկնվի, քանի որ իրականում, չկա մարդկային գործունեության որևէ ոլորտ, որում Ռուսաստանն ու Հայաստանը չունենան գործնական փոխգործակցության ոչ թե ձևական, այլ իրական մեխանիզմ: Այն, որ Դուք բարձր եք գնահատում արտաքին քաղաքականության ոլորտում մեր համագործակցությունը, մեզ համար մեծ պատիվ է: Կաշխատենք արդարացնել Ձեր և Ռուսաստանի նախագահի վստահությունը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: