Յուրաքանչյուր մարդու պոտենցիալն առավելագույնս պետք է օգտագործվի ազգային անվտանգությունն ամրապնդելու գործում, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով զինվորական տարկետման սահմանափակմանը, որի դեմ հարյուրավոր ուսանողներ արդեն չորրորդ օրն է դասադուլ են անում։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, մասնավորապես, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Օրինագծին դեմ արտահայտվողները պնդում են, որ սա կխոչընդոտի գիտության զարգացմանը։
Սաֆարյանի կարծիքով՝ իշխող վերնախավը, որն իրեն համարում է հաղթանակած որևէ ընտրություններում, ինչպես ցանկանում, այնպես էլ լուծում է տալիս խնդիրներին՝ առանց այդ դաշտի կարգավորման տակ ընկնող հատվածի կարծիքը լսելու։
«Ի վերջո, եթե այս ամեն ինչն արվում է, օրինակ, «Ազգ-բանակ» անհասկանալի կոնցեպցիայի շրջանակներում, ապա իմ պատկերացրած կոնցեպցիան դա այն է, որ յուրաքանչյուր մարդու պոտենցիալն առավելագույնս օգտագործվի ազգային անվտանգությունն ամրապնդելու գործում, և այստեղ ամենևին պարտադիր չէ բոլորին այսպես ճիպոտով բանակ քշելը, եթե նրանց պոտենցիալը կարող է միանգամայն այլ տեղ և այլ ձևով բացահայտվել և օգտագործվել, հասկանալ՝ նրանք ինչի համար են պայքարում», - ասաց Սաֆարյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ գիտությամբ զբաղվող երիտասարդի համար երկու տարի գիտությունից կտրվելը հետընթաց է լինելու։
«Իսկապես, երկու տարի գիտությունից կտրվելը դա բավականին հետընթաց է լինելու, որը նա փոխլրացնելու համար ստիպված է լինելու ևս տարիներ վատներ։ Հիմա, մյուս կողմից, իշխանությունն ազնվություն չունի բացահայտ հայտարարելու, որ ինքն անզոր է ազդեցիկ մարդկանց երեխաներին օրենքի շրջանակներում բանակ և առաջնագիծ տանելու հարցում և փորձում է այս կերպ՝ ուղղակի տոտալ վերացնելով այդ տարկետման իրավունքը, գնալ այս լուծման։ Սա գիտե՞ք ինձ ինչ է հիշեցնում, երբ պետությունն այդ խիզախությունը չունի իր շարքերին պարտադրելու գործել օրենքի շրջանակներում՝ չշրջանցել օրենքը, սեփական զավակներին չազատել զինվորական ծառայությունից տարբեր հիվանդությունների պատրվակով, փորձում է այսպես իբրև թե փակել բոլոր սողանցքները՝ նրանց պարտադրել այնուամենայնիվ մեկնել ծառայության», - ասաց Սաֆարյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե նույնիսկ նրանց զավակները գնան ծառայության, պաշտպանության նախարարությունից այն կողմ չեն անցնելու։
«Եթե իշխանությունը չունի այդ համարձակությունը՝ բոլորի համար ապահովել հավասարություն, և եթե նույնիսկ իրենց զավակներին ուղարկեն ծառայության, նրանց զավակները պաշտպանության նախարարությունից այն կողմ չեն անցնելու», - ասաց քաղաքագետը։