Դպրոցների դասագրքերն անվճար դարձնելու հարցով ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան` պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ:

Իր հաղորդագրությունում նշելով, որ «Կրթության մասին» օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-4-րդ դասարանների աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ, ՄԻՊ աշխատակազմը շարունակում է․ - «Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ», վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը: Ընդ որում՝ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը»:

Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ կարգավորումները մի շարք բարդություններ են ստեղծում երեխաների և նրանց ծնողների համար, նշում է ՄԻՊ աշխատակազմը: